Տպել
24.09.2019
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական փաթեթին
1 / 4

Սեպտեմբերի 24-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթին:

Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ օրինագծերի փաթեթը քննարկվել էր սեպտեմբերի 3-ին հրավիրված նիստում, սակայն հարցի քվեարկությունը հետաձգվել էր, այն առավել հանգամանալի ուսումնասիրելու համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ  կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն աշխատանքային քննարկումների ընթացքում հնչած բազմաթիվ առաջարկների արդյունքում վերամշակվել է:

Օրինագծերի փաթեթը քվեարկությամբ ընդգրկվել է Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ԱԺ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2019 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը նշել է, որ գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացել եւ պատասխանել է 31 հարցումի: Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանի փոխնախագահներին, մշտական հանձնաժողովներին ու  խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին  տրամադրվել է 140 տեղեկանք:

Հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակի կողմից Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացման գործառույթի իրացման համատեքստում կազմակերպվել է 2 սեմինար, որոնց մասնակցել են  պատգամավորներ, պատգամավորների օգնականներ ու փորձագետներ:

Գագիկ Բարսեղյանը հանձնաժողովականներին է ներկայացրել նաեւ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2020-2023թթ. զարգացման ռազմավարության ծրագիրը:

Հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15.00-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագիծը:


29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարտի 29-ին՝ ժամը 13:00-ին, 214 սրահում տեղի կունենա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի...