Տպել
24.09.2019
Աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
1 / 3

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային  եւ  եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ հերթական անգամ քննարկվել են հունվարի 1-ից հետո մեքենաների ներկրման  ընթացակարգերը:  Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովականներ, ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ ավտոներկրող իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչներ  ու  անհատներ:

Ինչպես արդեն հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար մեքենաների ներկրման մաքսազերծման  արտոնյալ ժամկետը լրանում է: Քննարկվել եւ քննարկվում են բոլոր ուղիները  խնդրին  հնարավորինս դրական հանգուցալուծում տալու համար: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կառավարության գործընկերներին կոչ է արել եւս մեկ տարով մեղմել ԵԱՏՄ-ի  կանոնակարգումները երրորդ երկրից մեքենա ներմուծելու վերաբերյալ: Պատգամավորն  առաջարկել է  մեքենա ներկրող իրավաբանական անձին սահմանին ազատել ԱԱՀ-ից` փոխարենն  արտոնելով այդ վճարը պետբյուջե մուտքագրել մեքենան վաճառելուց հետո:  Առաջարկվել է պահպանել էկոլոգիական ու անվտանգության նորմերը՝ հունվարի 1-ից  ներկրվող մեքենաների հնության թույլատրելի տարեթիվ սահմանելով մինչեւ 7 տարի:

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը դեմ է ավտոներկրող իրավաբանական անձին` սահմանին ԱԱՀ-ից ազատելու գաղափարին:  Ըստ  նրա` առաջարկը ռիսկեր է պարունակում, եւ այդ տարբերակով պետությունը կունենա եկամուտների կորուստ:

Քննարկման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հնչեցրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ` փաստելով, որ այդ կերպ կավելանա գործազրկության մակարդակը: Ստեղծված իրավիճակը մեղմելու համար  պատգամավոր Միքայել Մելքումյանը  գործադրին հորդորել է  երկրում զարկ տալ ավտոարդյունաբերությանը: