Տպել
23.09.2019
Քննարկվել են ինքնակամ կառույցներին, տարածքային կառավարման մարմինների լիազորություններին, ջրօգտագործման թույլտվությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 23-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ներկայացմամբ՝ օրենսդրական փաթեթի մշակման համար հիմք է հանդիսացել  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2019 թվականի փետրվարի 25-ի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու եւ լիազորությունները շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ: Առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում մի շարք իրավական ակտերում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի թիվ 218 որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ. կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտերի՝ ոլորտային շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման կարգավորումները:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ վերջին 30 տարիների ընթացքում հանրապետության ողջ տարածքում կառուցվել են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Միայն Երեւանում առկա է ավելի քան 35000 ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում: Ըստ հիմնական զեկուցողի՝ մեծ թվով ինքնակամ կառույցների առկայությունը դժվարություններ է առաջացրել համայքներում, առավելապես՝ Երեւանում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաեւ քաղաքի ճարտարապետական դիմագիծը պահպանելու հարցում: Ուստի եւ, վերոնշյալ խնդիրները կարգավորելու նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթ:

Յուրաքանչյուր ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի նկատմամբ, սահմանված կարգով, սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական տուրքի համար համայնքները վճարում են 26000 դրամ:

Ըստ բանախոսի՝ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ համայնքներին հնարավորություն կընձեռվի գումարները վճարել տարաժամկետ կարգով, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ օգտագործել համայնքային բյուջեների միջոցները:

Փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է նաեւ «Տարածքային կառավարման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, նշելով, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են մարզերում պետական կառավարմանն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի բացակայությամբ: Առաջարկվող նախագծերի փաթեթում հստակեցվել են մարզպետների լիազորությունները, վերջիններիս հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ:

Պատգամավորները մտքեր են փոխանակել ինքնակամ կառույցների հետագա ճակատագրին, Ջրի ազգային խորհրդի գործունեությանը, մարզպետների լիազորություններին  վերաբերող հարցերի շուրջ:

Քննարկված նախագծերն ստացել են դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Հրանտ Մադաթյանի եւ Էդուարդ Բաբայանի հեղինակած ՀՀ անտառային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող չորս օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հետաձգվել է: