Տպել
23.09.2019
Կարեւորվել են աշխատանքի տեսչական մարմնի գործունեության լիազորություների ընդլայնումը, մասնագիտական կարողությունների զարգացումը
1 / 4

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի միջազգային աշխատանքային հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Սարա էփշտեյնի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսենի, դեսպանատան ներկայացուցիչներ Իրինա Մկրտչյանի եւ Լիլիթ Անտոնյանի հետ՝ քննարկելու աշխատանքի իրավունքի ոլորտում առկա օրենսդրական զարգացումները, հեռանկարները եւ համագործակցության հետագա ուղիները:

Հանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ջանքերը՝ աջակցելու մեր երկրում աշխատանքի իրավունքի ոլորտում ինստիտուտների կայացմանը եւ օրենսդրական դաշտի ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են աշխատանքի տեսչական մարմնի գործունեության լիազորություների ընդլայնումը, մասնագիտական կարողությունների զարգացումը՝ ամբողջական վերահսկողական գործառույթ ապահովելու համար:

Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է խորհրդարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները եւ հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված՝ տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնող նախագիծը:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել կազմակերպելու համատեղ աշխատանքային քննարկումներ, դասընթացներ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարելավման, վերահսկողության առցանց միջոցների ներդրման ուղղությամբ: