Տպել
20.09.2019
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
1 / 12

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին  գումարվել է ՀՀ  Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ օրակարգում ընդգրկված նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրա առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Պատգամավորներն ընդունել են նաեւ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգը, որից հետո առաջին ընթերցմամբ քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերջինս ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորություններն առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին: Նախատեսվում է, որ ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաեւ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները: Կվերանայվի պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը. այն 20 մլն դրամից կդառնա 40 մլն դրամ:

Նախագիծն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչեւ 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման համար կկիրառվի առավել պարզ մեխանիզմ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ պետությունը, այսօր ունենալով բավարար ֆինանասական միջոցներ, նպատակ ունի հարկ վճարողներին վերադարձնել մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած 56 միլիարդ դրամ գումարի պարտքը՝ ակնկալելով, որ վերջիններս այն կներդնեն տնտեսության մեջ, ինչն էլ իր հերթին կնապստի տնտեսական աճին:

Գլխադասային՝ ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում ողջունել եւ կարեւորել են նախագծում առաջարկված փոփոխությունները՝ դրանք համարելով անհրաժեշտ, անգամ ուշացած:

Եզրափակիչ ելույթում Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ եւ մասնագիտական քննարկման համար, պարզաբանումներ ներկայացրել ելույթներում հնչած հարցադրումների վերաբերյալ:

94 կողմ ձայնով նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին: