Տպել
19.09.2019
Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում
1 / 3

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ  ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է.

«Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր մասնակիցներին:

Արդյունավետ եւ գրագետ տնտեսական քաղաքականությունը միշտ լուրջ երաշխիքներ է տալիս համագործակցող երկրների կողմից առավել բարենպաստ քաղաքականություն վարելու համար:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր Վեհաժողովն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ վերոնշյալ գաղափարախոսությունը քննարկվում է անդամ-պետությունների կողմից, եւ հնարավորության դեպքում պետք է կիրառել վերջինիս իրականացման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:

Վստահ եմ, որ մենք ունենք լավ հեռանկարներ մեր գործընկեր երկրների հետ ընդհանուր ծրագրերն իրականացնելու համար, սակայն դրանք լիովին չեն իրականացվում` որոշակի հանգամանքների լույսի ներքո:

Այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն եւ մեծ ուշադրություն պետք է հատկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցության ձեւաչափերին:

Գործընկերներ, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ ներկաներից մեծ մասը կուզենային Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տեսնել որպես Սեւծովյան համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների խորհրդարանականների միջեւ արդյունավետ համագործակցության հարթակ, այլ ոչ` թշնամանքի եւ քարոզչության վայր:

Հարգելի գործընկերներ, կ ուզենայի անդրադառնալ Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի հիսուներեքերորդ լիագումար նստաշրջանի նիստի ընթացքում Էլդար Գուլիեւի կողմից արված հայտարարությանը:

Պարոն Գուլիեւը, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության եւ քաղաքականության ոգով, ոչ միայն խեղաթյուրեց, այս ամբիոնն ինձ թույլ չի տալիս կիրառել առավել ստույգ բնորոշումը, իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում, այլ նաեւ հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ադրբեջանական կողմի եւս մեկ փորձ է` Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար:

Մենք անընդունելի ենք համարում ինչպես մարդկանց կողմից իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը՝ որպես ագրեսիվ գործողություն ներկայացնելու փորձերը, այնպես էլ ագրեսիվ հակահայկական քաղաքականության պատասխանատվությունից խուսափելը, որը վերածվել է զինված ագրեսիայի Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ:

Անիմաստ է նաեւ խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ:

Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա պարոն Գուլիեւը ցանկանում է  ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաեւ Մարագա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը: Հայկական կողմը չի հրահրել պատերազմը, որի հետեւանքներից մեկը եղավ երկու կողմերից փախստականների հոսքը` այդ թվում Ադրբեջանից փախած շուրջ 350 հազար հայեր:

Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետեւում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ նույնիսկ մայրաքաղաք Երեւանի գրավումը:

Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նմանօրինակ հայտարարությունները չեն կարող նպաստել կողմերի միջեւ երկխոսությանը:

Այս ուղղությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրներում խորհրդարանները հանդիսանում են հիմնական ժողովրդավարական ինստիտուտը՝ ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի մարմնացումը:

Մենք կարող ենք վստահաբար ասել, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին համապատասխանում են այս դրույթին: Մենք նաեւ վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը:

Մենք կարծում ենք, որ օրինական օրենսդիր իշխանությունը երկրի ժողովրդավարական զարգացման եւ խաղաղ քաղաքականության անհրաժեշտ տարր է: Հենց այս ամենը հիմք ընդունելով` մենք լիահույս ենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ գործակցությունը կլինի արգասաբեր »:
 


19.09.2019
Քննարկվել են Էկոլոգիական ոլորտի օրենքների նախագծերի մշակման գործընթացին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը սեպտեմբերի 19-ին  հանդիպել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում` շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով...

19.09.2019
Քննարկվել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:   Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ օ...

19.09.2019
Մշտական հանձնաժողովում քննարկվել են անտառների պահպանմանն ու վերականգնմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության եւ անտառտնտեսությանն առնչվող հարցեր: 2005 թվականին ընդուն...

19.09.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին տեղի ունենալիք  արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...