National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.09.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: 
  
Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 
  
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ բանախոսի՝ Հայաստանում կենդանիների  խեղման, ոչնչացման, խոշտանգման դեպքերը բազմաթիվ են, եւ դրանց համար ՀՀ քրեական օրենսգրքում ազատազրկում, որպես պատիժ, չի նախատեսվում: Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորումներով նման դաժան արարքների վերաբերյալ նախատեսվում է տուգանք, որը բավարար չէ այդպիսի դեպքերը կանխելու առումով:  Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ կենդանիների նկատմամբ դաժանությունը պետք է արգելվի եւ պատժվի, քանի որ այն հանգեցնում է հասարակության շրջանում բռնության եւ ագրեսիվության աճի: Իրավակարգավորման առնչությամբ հաշվի են առնվել նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները: Առաջարկվող կարգավորմամբ՝ կենդանիները կպաշտպանվեն խոշտանգումներից, իսկ մարդկանց, առավել եւս անչափահասներին` վերոնշյալ գործողությունների հետեւանքով պատճառվող խորը հոգեբանական վնասը կանխելու հնարավորություն կստեղծվի: 
  
Պատգամավորների հարցերը վերաբերել են կենդանիների պաշտպանությանը, գազանանոցում պահվող կենդանիների պայմաններին, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ձեւավորման խնդրին, թափառող շների նկատմամբ իրկանացվող գործողություններին: 
  
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը՝ խոսելով քննարկումների ընթացքում կատարված բովանդակային փոփոխությունների մասին: 
  
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Հեղինակի ներկայացմամբ՝ նախագծի շուրջ երկարատեւ քննարկումներ են ծավալվել: Իրավապահ մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ միեւնույն անձի նկատմամբ առավելապես գրպանահատության եղանակով կատարված գողության հատկանիշներով 2015-2018թթ. փետրվար ամսվա դրությամբ 121 անգամ քրեական վարույթ է իրականացվել, եւ դրանցից միայն 119 դեպքերով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բացակայության հիմքով:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում կբարձրանա գողության տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաեւ կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: 
  
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը հանրային պահանջի արդյունք է: 
  
Պատգամավորներ  Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը, Սոնա Ղազարյանն ու Սուրեն Գրիգորյանը փաստել են վերջին տարիներին օրեցօր ահագնացող գրպանահատության դեպքերը, կարեւորել  նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը:

Հաջորդիվ  երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած  «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Առաջարկվում է ամրագրել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է  տասնօրյա ժամկետում քննարկեն պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանեն նրան: Բացառիկ դեպքերում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը:  Դրական էր նաեւ Կառավարության կարծիքը, այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Տարոն Սիմոնյանը: Նախագծի առկայությունը պայմանավորված է օրենսդրական բացերը լրացնելու հանգամանքով:  Զեկուցողի տեղեկացմամբ՝ փոփոխությունները վերաբերում  են քաղաքացիական դատավարության  այն դրույթին, որն առնչվում է դատարանների ընդդատության եւ ենթակայության  հետ կապված հարցերի կարգավորմանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սուրեն Գրիգորյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել  նաեւ  ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններ ում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Տարոն Սիմոնյանը:

Առաջարկվում է   Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից եւ դրանք  համարել քաղաքական պաշտոններ՝  այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար եւս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:  Նա հայտնել է, որ հանձնաժողովը վերապահումով է տվել դրական եզրակացություն, քանի որ, պատգամավորների կարծիքով, նախագիծը լրամաշակման կարիք ունի:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, սակայն նախագիծը բարեփոխման կարիք ունի:

Ելույթ են ունեցել պատգամավորները: Սուրեն Գրիգորյանն ընդունելի եւ տրամաբանական է համարել հետհեղափոխական շրջանում  այս  նախագծի առկայությունը:  Մանե Թանդիլյանը եւս դրական է գնահատել նախագիծը՝ շեշտելով, որ  վերոնշյալ պաշտոնյաները եւս  պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն: Ըստ նրա՝ այս փոփոխությունը պետք է կատարել օր առաջ:

Հերիքնազ Տիգրանյանն այս պահին ոչ նպատակահարմար է համարել առաջարկվող փոփոխությունները:

Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, որ երկրում լինելու է քաղաքացիական անհնազանդություն, նշել է, որ Հայաստանում իրավիճակը հանգիստ է, քաղաքական թիմը լիովին տրապետում է իրավիճակին:

Արուսյակ Ջուլհակյանը, ողջունելով նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու:

Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ նմանատիպ փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել նախկինում եւ այս պահին կատարվող սխալները:

Ըստ Համազասպ Դանիելյանի՝ քննարկվող հարցը կարեւոր է, սակայն դրա լուծումը հապճեպ է եւ կիսատ:

Հայկ Կոնջորյանը փոփոխությունների վերաբերյալ ներկայացրել է իր հարցադրումները:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ոլորտներում ծառայությունը պետք է լինի պրոֆեսիոնալ եւ արժանիքահեն:

Ըստ Հովիկ Աղազարյանի՝ փոփոխություններով ընդլայնվում է հնարավորությունների շրջանակը, ինչը թույլ կտա ՀՀ վարչապետին ավելի ճկուն լինել կադրային քաղաքականության մեջ:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկն այլ տեսքով արդեն արվել է եւ իրենք դեմ են եղել՝ մանրամասնելով դրա պատճառները: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ներկայացված տարբերակն ընդունելի է, իսկ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի փաստարկները՝ անխոցելի: Արարատ Միրզոյանը համաձայնել է Հովիկ Աղազարյանի այն դիտարկմանը, որ քննարկվում է քաղաքական պատասխանատվություն դնելու հարցը եւ, ըստ ԱԺ նախագահի, պետք է ընդունել այդ մարտահրավերը:

Կառավարության տեսակետը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ գործադիրը սկզբունքային առումով դեմ չէ նախաձեռնությանը եւ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի առաջարկներ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող պատգամավոր Կարեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 41-ին մասով՝ այն է՝ Մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներից 40 օր առաջ, ինչպես նաեւ Ազգային ժողովի եւ համապատասխան մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է իր գործողությունների ռազմավարական ծրագիրը եւ դրան համապատասխան՝ գործողությունների տարեկան ծրագիրը, որոնք հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի եւ գործողությունների տարեկան ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները: Մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Փոփոխություններն ընդունվում են նույն կարգով, ինչով ընդունվում է ծրագիրը: Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունները հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն օգտագործելու խորհրդարանի ռեսուրսը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ առաջարկը սահմանադրական օրենքի կարգավորման առարկա չէ: Ըստ նրա՝ «ԱԺ Կոնանակարգ» սահմանադրական օրենքը նշում է, որ գործունեության կազմակերպման համար ընդունվում են ԱԺ որոշումներ:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Վիկտոր Ենգիբարյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները պետք է կատարվեն Սահմանադրության մեջ: Նա անհրաժեշտ է համարել բարձրացնել հանձնաժողովի դերը:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ դեմ է քվեարկելու նախաձեռնությանը: Ըստ նրա` հանձնաժողովի նիստում հնչած մտահոգությունները չեն փարատվել լիագումարում:

Արտակ Մանուկյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները, կոչ է արել դեմ քվեարկել:

Արման Բաբաջանյանի կարծիքով՝ նախաձեռնությունն ուղղված է որակապես բարձրացնելու հանձնաժողովի աշխատանքը:

Ըստ Համազասպ Դանիելյանի՝ նախագիծը չմշակված է, չհիմնավորված: Պատգամավորը համաձայնել է, որ հանձնաժողովները պետք է ունենան առաջարկվող պլանավորումը, սակայն ոչ օրենքով ամրագրված:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքի նպատակը պետք է լինի արդյունավետությունը: Պատգամավորը ասել է, որ դեմ է քվեարկելու:

Վարազդատ Կարապետյանն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր հանձնաժողովում մշակել խորհրդարանական վերահսկողության գծով պլաններ:

Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ՝ ներկայացված տեսքով օրինագիծը հակասահմանադրական է:

Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ ինքը եւս դեմ է քվեարկելու նախաձեռնությանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է  «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ:

Առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով՝  Ծովինար Վարդանյանը նշել է, որ նախագիծը  բխում  է հանրության շահերից,  հետեւաբար պետք է կողմ քվեարկել դրան:

Պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական  փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել   փաթեթի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Առաջարկվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ. «Սույն օրենքո վենկարգավորվում նաեւ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներով տեսանկարահանված կամ լուսանկարահանված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները»: Նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնելու է, եթե ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որը հնարավորություն պետք է տա նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկական տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաեւ պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը:   Վարչական վարույթ կիրականացվի, եթե իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ, օնլայն ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ խախտումներն  արձանագրող եւ տեսանյութերն  ուղարկող  քաղաքացիները  չեն  վարձատրվելու եւ չեն ներկայացնելու իրենց տվյալները:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը ներկայացրել է Արմեն Խաչատրյանը: Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Փաթեթի վերաբերյալ պատգամավորների կարծիքներն  իրարամերժ էին:   Արթուր Դալլաքյանի գնահատմամբ՝ նախագիծը  ոչ միայն ճանապարհային անվտանգության  խնդիրները չի լուծելու, այլեւ քաղաքացիներն իրար հանդեպ թշնամանալու են: «Սա անթույլատրելի նախագիծ է»,- շեշտել  է նա:
 
Գեւորգ Գորգիսյանի կարծիքով էլ, նախագիծը բարի նպատակներ ունի, սակայն այն լրամշակման կարիք ունի. մասնավորապես  պետք է սահմանափակել նույն անձի կողմից խախտումներ ուղարկելու քանակը: 

Նարեկ Մկրտչյանը   դրական է գնահատել օրինագիծը կոլեկտիվ պատասխանատվության տեսանկյունից՝  հորդորելով կողմ քվեարկել:

Արման Աբովյանը բացասաբար է արտահայտվել նախագծի վերաբերյալ՝ զուգահեռներ անցկացնելով 1937 թվականին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած որոշ ցավալի իրադարձությունների հետ:

Արտյոմ Ծառուկյանը  նախագծի բարելավման նպատակով մի շարք առաջարկներ է ներկայացրել:  Վիկտոր Ենգիբարյանը  կարեւորել է նախաձեռնության ընդունումը՝ այն որակելով հրաշալի նախաձեռնություն: 

Փաթեթը դրական են  գնահատել  նաեւ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը եւ Հայկ Կոնջորյանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Արման Աբովյանը: Ըստ նրա՝ սխալ է ճանապարհային խնդիրների կարգավորմանն  ուղղված այս մեխանիզմի ներդրումը, ուստի պետք է, նրա գնահատմամբ՝ այդ  հում եւ անլիարժեք նախագիծը չընդունել: 
  
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական տեսակետը բարձրաձայնել է նախագծի համահեղինակ Արմեն Փամբուխչյանը: Ըստ նրա՝ ակտիվն այն քաղաքացին է, որն անտարբեր չէ իր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ: Նրա խոսքով՝ փաթեթի նպատակը քաղաքացու  մասնակցությամբ  երկրում օրինականության հաստատումն է:

Արտահերթ ելույթ է ունեցել  ՀՀ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա մի շարք հարցեր է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին՝ փորձելով պարզել, թե ինչպես նա կվարվի որոշակի իրավիճակներում՝ տեսնելով, որ այս կամ այն քաղաքացու կյանքին իրական վտանգ է  սպառնում:  ԱԺ նախագահը հետաքրքրվել է, թե արդյոք իր գործընկեր Արման Աբովյանը ոստիկանությանը կտեղեկացնի  քաղաքացիների կյանքին սպառնացող  իրավիճակի մասին, թե կլռի:

Եզրափակիչ ելույթում  հեղինակներն անդրադարձել են գործընկերների ելույթներին, տվել պարզաբանումներ:

Խորհրդարանը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 16-ին:
 


13.09.2019
Ներկայացվել է ԵԱՀԿ «ՀՀ-ում ոստիկանություն-հասարակություն գործընկերության ամրապնդում» ծրագիրը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ ազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգի հետ: Արմեն Խաչատրյանը, ողջունելով հյուրին Ազ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS