Տպել
06.09.2019
Քննարկվել են բնապահպանության ոլորտի գալիք տարվա ծրագրերը
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին սկսել է  «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բնապահպանության ոլորտի ծրագրերի  նախնական քննարկումը, ծանոթացել ոչ ֆինանսական ցուցանիշներին ու նախատեսված միջոցառումներին:

Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տվյալների՝ գալիք տարում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր եւ միջոցառումներ՝ ուղղված  բնության պահպանությանն ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը:

Ի թիվս այլ բնապահպանական ծրագրերի՝ նախատեսվում է իրականացնել 797 հա անտառվերականգնման աշխատանքներ, 60 տոկոսով կանխարգելել մարդածին աղետները, 10 տոկոսով նվազեցնել որսագողությունը, 8 տոկոսով՝ ապօրինի ծառահատումները:

Նշվել է, որ  նվազեցվել են վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված ֆինանսական միջոցները, ինչը նրանք  լուրջ խնդիր են համարել:

Ըստ նախագծի՝ 2020 թվականին իրականացվելու  են Սեւանա լճի մաքրման աշխատանքներ, ջրի որակի ստուգման նպատակով երեք անգամ կատարվելու է նմուշառում:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէ ավելացնել նմուշառումը, որին ի պատասխան նշվել է, որ դա հնարավոր կլինի, եթե ավելացվեն ֆինանսական միջոցները:  Այս համատեքստում Վարազդատ Կարապետյանը նկատել է, որ նախկինում եւս ֆինանսական միջոցներ են հատկացվել լճի մաքրման համար, սակայն եղել են տարիներ, երբ աշխատանքներ չեն իրականացվել,  թեեւ ցույց է տրվել հակառակը:

Վարազդատ Կարապետյանը խնդրահարույց է համարել   ծրագրերում որպես արդյունք ակնկալվող թվային ցուցանիշները, քանի որ չկան տվյալներ՝ նախորդ տարիներին կատարված  նույն աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է վերանայել ներկայացված տվյալները եւ հաջորդ քննարկմանը ներկայացնել առավել հստակ եւ պարզ տեղեկություններ: