Տպել
04.09.2019
Հանձնաժողովի նիստի օրակարգում սպորտին առնչվող եւ աշխատանքային խումբ ձեւավորելու հարցերն էին
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղինակած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծին: Առաջարկվում է տարբերակել բուն մարզական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, հաստատել հավաքական թիմի կազմավորման, թիմի կազմում ընգրկվելու որոշ չափանիշներ:

Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են ՀՀ կառավարությունից ստացված առաջարկների մեծ մասը. դրանք մասնավորապես վերաբերել են օրինագծում որոշ հասկացությունների հստակեցմանը: Նշվել է, որ պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:

Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ Կառավարության ծրագրով ամրագրված՝ գործադիրը նպատակ ունի խթանելու հայրենադարձությունը եւ նպաստելու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացին: Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջիկայում Հայրենադարձության մասին ստեղծվելիք նոր օրենքի նախագիծը՝ հանձնաժողովը ձեւավորել է աշխատանքային խումբ, որը կհանդիպի Հայաստանի եւ Սփյուռքի գիտական ու մասնագիտական շրջանակների եւ հայրենադարձ ընտանիքների հետ: