National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
29.08.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
29.08.2019
Խորհրդարանում կայացել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպումը
1 / 1

Օգոստոսի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպումը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթն ամբողջությամբ տե՛ս այստեղ:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ելույթը՝ կից հղումով:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ շփման այս ձեւաչափն աննախադեպ է, բայցեւ տրամաբանական ու խոսուն՝ հաշվի առնելով Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Նա անդրադարձել է մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման հարցում խորհրդարանի դերին եւ խորհրդարան-ԱԳՆ-դիվանագիտական ներկայացուցչություններ փոխգործակցությանը:

«Այս ոլորտում խորհրդարանի դերը հիմնված է 3 հիմնական բաղադրիչների վրա: Առաջինը բուն խորհրդարանական դիվանագիտությունն է, որը պետք է լինի նախաձեռնողական, համակարգված արտաքին գործերի նախարարության հետ, միջպետական հարաբերություններին հնարավորինս աջակցող եւ փոխլրացնող: Կառավարության վարած արտաքին քաղաքականությունը պետք է կարողանա հենվել այլ պետությունների խորհրդարանների հետ Ազգային ժողովի քաղաքական շփումների եւ համագործակցության արդյունքների վրա, եւ այստեղ չափազանց կարեւոր է արդյունավետ փոխգործակցության հաստատումը՝ բարեկամական խմբերի, միջազգային կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների եւ համապատասխան երկրներում ու միջազգային կազմակերպություններում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ ԱԳՆ համապատասխան վարչությունների միջեւ:

Երկրորդ բաղադրիչը խորհրդարանական վերահսկողությունն է: Այս առումով Ազգային ժողովի առաքելությունն է վարվող արտաքին քաղաքականությունը մեր քաղաքացիների համար դարձնել հասկանալի եւ վերահսկելի: Իսկ սրան հասնելու ճանապարհն է արտաքին քաղաքականության իրականացման տարբեր գործընթացներում եւ ուղղություններում կառավարության հաշվետվողականության շարունակական ապահովումը, ինչպես նաեւ լսումների կազմակերպումը, քննարկումների նոր եւ ներառական հարթակների ստեղծումը, եւ այս գործում կրկին անհրաժեշտ է ԱԳՆ-ի եւ մեր դեսպանների ակտիվ մասնակցությունն ու համագործակցությունը:

Երրորդ բաղադրիչն Ազգային ժողովում արտաքին քաղաքական բովանդակության ստեղծումն է եւ պատվիրակումը: Սա, թույլ տվեք նկատել, թվարկածներիցս ամենակարեւոր բաղադրիչն է, որովհետեւ խորհրդարանական երկրում Ազգային ժողովի դերը չի կարող սահմանափակվել միայն խորհրդարանական պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի այցերով եւ աշխատանքներով: Այո՛, կառավարություն ձեւավորող եւ կառավարության ծրագիր հաստատող Ազգային ժողովը կարող է եւ պետք է ստեղծի բովանդակություն՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է ու դրա արտացոլումը, եւ չափազանց կարեւոր է, որ մեր դիվանագետները մշտապես ուշադրությամբ հետեւեն եւ տեղեկացված լինեն Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ օրակարգերին ու խորությամբ ըմբռնեն դրանք:

Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը երկար տարիների կուտակված հիասթափությունից ծնված շարժում էր՝ հանուն ժողովրդավարության, արդարության ու իրավունքների:

«Հայաստանի ժողովրդավարական էությունը եւ մեր ժողովրդի ինքնիշխանության գիտակցումն այլեւս իրողություն է: Հայաստանը պետություն է՝ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, որը թելադրված չէ եւ չի կարող թելադրված լինել դրսից, որովհետեւ սա մեր սեփական օրակարգն է՝ արդյունքը մեր պայքարի, մեր հեղափոխության, մեր իղձերի ու մեր նպատակների, եւ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցված լինի հենց այս իրողության ծիրում»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցությանը՝ նա նշել է, որ այլեւս կարիք չկա դա անել հանուն արտաքին լեգիտիմության կամ հանուն փողի:

«Մենք դա անում ենք, որովհետեւ ուզում ենք: Որովհետեւ ժողովրդավարությունն ու արդարությունը հայկական արժեքներ են: Եւ, հետեւաբար, ցանկացած կոնվենցիա, որ մենք կվավերացնենք կամ չենք վավերացնի, ցանկացած հայեցակարգ, որ կընդունենք կամ չենք ընդունի, ցանկացած ծրագիր, որ կիրականացնենք կամ չենք իրականացնի, որոշում ենք բացառապես մենք, բացառապես ինքներս մեզ համար, բացառապես սեփական օրակարգի ու արժեքների գիտակցմամբ»,-փաստել է Ռուբեն Ռուբինյանը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նա նշել է, որ հակամարտության կիզակետում առաջնայինը մարդն է, նրա ազատությունն ու իրավունքները, առաջադիմելու ու զարգանալու հնարավորությունը:

«Արցախի ազատությունն ու վերջինիս կողմից իր բնակչության անվտանգության համար կենսական տարածքների վերահսկումն իրողություն է ոչ թե որովհետեւ մենք բոլորս դա ուղղակի ցանկացել ենք, ոչ թե որովհետեւ դա մեր ազգային քմահաճույքն է, այլ որովհետեւ այդպես որոշել է մարդը՝ արցախցին, որովհետեւ դա է եղել ու շարունակում լինել միակ ճանապարհը՝ ապահովելու արցախցու իրավունքների իրացման եւ իրական պաշտպանության երաշխիքը: Եւ ուրեմն, Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում մեր գլխավոր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, եւ այս առաջնահերթությունները բխում են ազատության ու առաջադիմության տենչանքից ու մարդու հիմնարար իրավունքներից»,-ասել է բանախոսը:

Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ արտաքին քաղաքական օրակարգի այլ հիմնախնդիրների մասին:

Համաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարեւորել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի անցկացումը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովը ՀՀ-ում ժողովրդավարության ապահովման կարեւոր հենասյուներից է: Մենք՝ որպես օրենսդիրներ, անում ենք առավելագույնը՝ երկրում բազմակարծության եւ ազատ խոսքի ապահովման համար, եւ իմ համոզմամբ՝ ներքաղաքական ճակատում նկատվող բոլոր ձեռքբերումները պետք է նաեւ նպաստեն ավելի արդյունավետ, վստահ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականության իրականացմանը: Հենց ներքին ժողովրդավարությունն է, որ նպաստում է մեր դեսպանների՝ ամուր դիրքերից հանդես գալուն եւ Հայաստանի Հանրապետության շահերն ավելի հետեւողական ու աներեր առաջ մղելուն: Այս առումով խորին երախտիքս եմ հայտնում յուրաքանչյուրիդ աշխատանքի եւ նվիրումի համար»,-ընդգծել է Լիլիթ Մակունցը:

Նա կարծիք է հայտնել, որ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական դիվանագիտության համար պետք է սահմանվեն ավելի բարձր նշաձողեր: Լիլիթ Մակունցը նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ օրենսդիր-գործադիր սերտ աշխատանքը եւ համագործակցությունն արդեն սկսել են տալ արդյունքներ, եւ վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերը բերելու են նորանոր ձեռքբերումների:

Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը եւ խաղաղ բանակցային գործընթացին` խմբակցության ղեկավարը նշել է, որ Արցախը մեզ համար նախ եւ առաջ իրենց բնօրրանում ապրող մեր հայրենակիցներն են եւ նրանց անվտանգության ապահովումը:

«Մենք շարունակելու ենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում խոսել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի եւ էքզիստենցիալ անվտանգության հարցերի մասին: Արցախի հարցի հետագա «հումանիզացիայի» գործընթացն անկասելի է: Մենք շարունակ շեշտում ենք, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ես ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ Արցախն էլ իր հերթին մեր՝ որպես հայ ազգի, հավաքական անվտանգության երաշխավորն է»,-փաստել է բանախոսը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարեւորել է միջոցառումը, որի ընթացքում հնարավոր կլինի հասկանալ եւ հստակեցնել դասական ու խորհրդարանական դիվանագիտության ուղիները, ձեւավորել հստակ քայլերի համակարգ:

Արման Աբովյանը խոսել է Արցախյան հակամարտության արդարացի լուծման կարեւորության մասին՝ ընդգծելով, որ այս հարցում շատ բան պայմանավորված է նաեւ ՀՀ դեսպանությունների աշխատանքով: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է ՀՀ արտաքին հարաբերությունների ձեւավորման հիմնական տեսլականին: Ըստ բանախոսի՝ մասնավորապես ՌԴ-ի հետ ունեցած եղբայրական եւ ռազմավարական հարաբերություններն ունեն առավել խորացման եւ զարգացման հնարավորություն:

«ՀՀ-ն բոլոր հնարավորություններն ունի եւ ի զորու է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ տարաձայնությունների քննարկման հարթակ»,-նշել է բանախոսը:

Արման Աբովյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-Սփյուռք համագործակցությանը, կարեւորել դեսպանությունների համակարգված աշխատանքը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է մինչեւ հեղափոխությունը դիվանագիտական առաքելություն իրականացնողների ձեռքբերումներին:

«Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ միակն ենք, որ ՆԱՏՕ-ի հետ ունենք խոր համագործակցություն, եւ լինելով ԵԱՏՄ-ի անդամ երկիր՝ միակն ենք, որ ունենք ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիր»,-ասել է խմբակցության ղեկավարը:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ Էդմոն Մարուքյանը հորդորել է դեսպաններին խորհրդարանական դիվանագիտությունը ձեւավորելիս ակտիվ համագործակցել օրենսդիր մարմնի հետ: Նա կարեւորել է միջազգային հարթակներում հայ պատվիրակների կողմից Արցախի հակամարտության արդարացի ներկայացումը:


29.08.2019
Աշխատանքային քննարկում՝ Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի նախաձեռնությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նախագծի ընդունման արդունքում կբարձրանա գողության ...

29.08.2019
Քննարկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020թ. ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Գեւորգյանի նախագահությամբ օգոստոսի 29-ին շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի» նախագծի նախնական քննարկումները»: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած կառույցին 2020 ...

29.08.2019
Արարատ Միրզոյանի խոսքը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ
«Սիրելի՛ գործընկերներ, ուրախ ենք հյուրընկալել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին Ազգային ժողովի հարկի տակ: Այս հավաքն առաջինն է, որն անց է կացվում նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո, երբ ...

29.08.2019
Խորհրդարանում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպման ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

29.08.2019
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպում
Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպում:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS