Տպել
28.08.2019
Քննարկվել են հղիության` հատկապես սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին վերաբերող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը օգոստոսի 28-ին հանդիպել է բժշկական հաստատությունների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հղիության՝ հատկապես սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների անհանգստացնող բարձր ցուցանիշները:

Նարեկ Զեյնալյանը բարձրաձայնել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ Հայաստանի մասով ներկայացված զեկույցը: Փաստաթղթի կանխատեսումներով՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների այս տեմպի դեպքում մինչեւ 2060 թվականը մեր երկրում չի ծնվելու 93 հազար աղջիկ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ քաղաքային բնակչության եւ բարձրագույն կրթություն ունեցող անձանց շրջանում ավելի մեծ թիվ են կազմում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, քան գյուղական բնակչության: Մասնագետները խոսել են երեւույթի տարածվածությունից, նշել, որ կատարվել են մի շարք վերլուծություններ, ուսումնասիրվել  պատճառները: Արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրը սոցիալական է եւ դժվար է լուծել միայն իրավական կարգավորմամբ, քանի որ հայկական ընտանիքում հատկապես երկու եւ ավել աղջիկ ունեցող զույգերը նախընտրում են պլանավորել հաջորդ երեխայի սեռը: Կարեւոր է համարվել նաեւ վերարտադրողական առողջության ինդեքսի բարձրացումը:

Ներկաներն անհրաժեշտ են համարվել բարձրացնել կնոջ դերը հասարակության մեջ, մեխանիզմներ մշակել եւ պետական բյուջեից միջոցներ ուղղել՝ փորձելով հանրային իրազեկման միջոցով կանխելու սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները:

Քննարկման ավարտին Նարեկ Զեյնալյանը հորդորել է ներկաներին հարցի լուծման վերաբերյալ հանձնաժողով ներկայացնել առաջարկներ՝ առաջիկայում մշակելու ընդհանուր քաղաքականություն եւ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնելու օրենսդրական դաշտում: