Տպել
28.08.2019
Քննարկվել են գյուղատնտեսության բնագավառի 2020թ. բյուջետային ծրագրերը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով գյուղատնտեսության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

2011-2017 թթ. միջին տվյալներով բնագավառն ապահովել  է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 17.6%-ը: Ներկայում գործում է շուրջ 320 հազար գյուղացիական տնտեսություն: 2020թ.ոլորտում վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի սպասարկող կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը, պայմաններ կստեղծվեն ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման, հանրապետության պարենային ապահովության եւ պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, աղքատության մակարդակի կրճատման համար:

Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ գալիք տարի կիրականացվի 7 ծրագիր,  ոլորտին նախատեսվում է հատկացնել 17 միլիարդ 900 միլիոն դրամ: Համաշխարհային բանկն ու միջազգային այլ կազմակերպություններ կաջակցեն իրագործել մի շարք ծրագրեր:

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել առանց գրավի վարկավորման խնդրին: Փոխնախարարի հավաստմամբ՝ առաջիկայում կստեղծվի հիմնադրամ, որը կերաշխավորի բանկերին, որպեսզի ֆերմերները հնարավորություն ունենան վարկ վերցնել:

Վարազդատ Կարապետյանը կարեւոր է համարել գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության ծրագրով վարկավորումը, ինչը, ըստ նրա, կնպաստի մի շարք խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացմանը: Անդրադառնալով 2020թ. պետական բյուջեի նախագծին՝ մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ բյուջետային ծրագրերը պետք է լինեն հստակ ու ամբողջական,  որպեսզի յուրաքանչյուր ոք կարդալով՝ հասկանա, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն է իրականացվում տվյալ բնագավառում: Ոլորտի պատասխանատուներն ընդունել են պատգամավորի մի շարք առաջարկություններ: