Տպել
31.07.2019
Քննարկվել են ՀՀ ոստիկանության գալիք տարվա բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 31-ին քննարկել է 2020 թվականի երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված  ոստիկանության համակարգի  բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները :

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշել է, որ Կառավարության բյուջետային քաղաքականությանը համահունչ՝ ոլորտի  բյուջետային հայտերը ներկայացվում են ծրագրային դասակարգմամբ՝ հիմնված ծրագրային բյուջետավորման սկզբունքների վրա: Նպատակը բյուջետային միջոցների դիմաց մատուցվող ծառայությունների թափանցիկության եւ հաշվետվողականության պատշաճ մակարդակն ապահովելն է:

Ըստ փոխոստիկանապետի՝ 2020 թվականին կառույցի համար նախատեսվել է 64 միլիարդ 900 միլիոն դրամ, ինչը 0,8 տոկոսով  ավելի է ընթացիկ տարվա հատկացումից :

Բնագավառի պատասխանատուների համոզմամբ՝ ոստիկանության կարեւորագույն հայեցակարգային խնդիրը քաղաքացի-ոստիկան համագործակցության նոր մշակույթի ձեւավորումն է, որը հնարավոր է լուծել մասնավորապես համակարգում կոռուպցիայի, ինչպես նաեւ քաղաքացիներին տուգանելու եւ հետապնդելու նպատակադրման բացառման, ոստիկանության վստահելիության մակարդակն ըստ ամենայնի բարձրացնելու միջոցով:

Ոլորտում առաջիկա տարիներին նախատեսվում են  իրականացվել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես կստեղծվի շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն, որը բեռնաթափելու է համայնքային ոստիկանության եւ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքը, բարձրացնելու է բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը ՝   հնարավորություն տալով օպերատիվ արձագանքել իրավախախտումների դեպքերին: Ծառայությունը բնակավայրերում փոխարինելու է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներին, ընդ որում ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը հանդիսանալու  է նրա հիմնական գործառույթներից մեկը:

Ճանապարհային ոստիկանությանը կհատկացվի 14 միլիարդ 554 միլիոն 731 հազար դրամ: «Ճանապարհային երթեւեկության ապահովում»  ծրագրի իրականացման համար նախատեսվել է 3 միլիարդ 232 միլիոն 870 հազար դրամ:  «Աջակցություն ճանապարհային ոստիկանությանը» ծրագիրը կիրականացվի շուրջ 12 միլիարդ դրամով :

Նշվել է նաեւ, որ բնագավառում մեծ պայքար է ծավալվում կոռուպցիոն երեւույթների դեմ, ինչը շարունակական է :

Պատգամավորների հարցերը վերաբերել են բնագավառի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին : Ներկայացվել են առաջարկություններ, որոնք առնչվել են որոշ ծրագրերի թվային դասակարգման հստակեցմանը, դրույթների մշակման մեթոդաբանությանը :

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է  նախնական բյուջետային քննարկումներն ու  գոհունակություն հայտնել  բնագավառի ծրագրերի եւ դրույթների գրեթե անթերի մշակման առնչությամբ :

 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...