Տպել
31.07.2019
Քննարկվել են ՀՀ ոստիկանության գալիք տարվա բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 31-ին քննարկել է 2020 թվականի երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված  ոստիկանության համակարգի  բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները :

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշել է, որ Կառավարության բյուջետային քաղաքականությանը համահունչ՝ ոլորտի  բյուջետային հայտերը ներկայացվում են ծրագրային դասակարգմամբ՝ հիմնված ծրագրային բյուջետավորման սկզբունքների վրա: Նպատակը բյուջետային միջոցների դիմաց մատուցվող ծառայությունների թափանցիկության եւ հաշվետվողականության պատշաճ մակարդակն ապահովելն է:

Ըստ փոխոստիկանապետի՝ 2020 թվականին կառույցի համար նախատեսվել է 64 միլիարդ 900 միլիոն դրամ, ինչը 0,8 տոկոսով  ավելի է ընթացիկ տարվա հատկացումից :

Բնագավառի պատասխանատուների համոզմամբ՝ ոստիկանության կարեւորագույն հայեցակարգային խնդիրը քաղաքացի-ոստիկան համագործակցության նոր մշակույթի ձեւավորումն է, որը հնարավոր է լուծել մասնավորապես համակարգում կոռուպցիայի, ինչպես նաեւ քաղաքացիներին տուգանելու եւ հետապնդելու նպատակադրման բացառման, ոստիկանության վստահելիության մակարդակն ըստ ամենայնի բարձրացնելու միջոցով:

Ոլորտում առաջիկա տարիներին նախատեսվում են  իրականացվել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես կստեղծվի շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն, որը բեռնաթափելու է համայնքային ոստիկանության եւ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքը, բարձրացնելու է բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը ՝   հնարավորություն տալով օպերատիվ արձագանքել իրավախախտումների դեպքերին: Ծառայությունը բնակավայրերում փոխարինելու է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներին, ընդ որում ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը հանդիսանալու  է նրա հիմնական գործառույթներից մեկը:

Ճանապարհային ոստիկանությանը կհատկացվի 14 միլիարդ 554 միլիոն 731 հազար դրամ: «Ճանապարհային երթեւեկության ապահովում»  ծրագրի իրականացման համար նախատեսվել է 3 միլիարդ 232 միլիոն 870 հազար դրամ:  «Աջակցություն ճանապարհային ոստիկանությանը» ծրագիրը կիրականացվի շուրջ 12 միլիարդ դրամով :

Նշվել է նաեւ, որ բնագավառում մեծ պայքար է ծավալվում կոռուպցիոն երեւույթների դեմ, ինչը շարունակական է :

Պատգամավորների հարցերը վերաբերել են բնագավառի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին : Ներկայացվել են առաջարկություններ, որոնք առնչվել են որոշ ծրագրերի թվային դասակարգման հստակեցմանը, դրույթների մշակման մեթոդաբանությանը :

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է  նախնական բյուջետային քննարկումներն ու  գոհունակություն հայտնել  բնագավառի ծրագրերի եւ դրույթների գրեթե անթերի մշակման առնչությամբ :

 


31.07.2019
Քննարկվել են ապահովագրական համակարգին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային քննարկում ԱՊՊԱ բնագավառում նորարարական լուծումների եւ արհեստական բանականության կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ...

31.07.2019
ԿԲ ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ ժամը 11:00-ին կայանալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...