Տպել
23.07.2019
Պատգամավորներն այցելել են Բագրատաշենի մաքսակետ
1 / 6

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 23-ին այցելել են Բագրատաշենի անցակետ:

«Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի մասնագետների հետ քննարկել խնդիրները, գտնել լուծումներ` ի շահ բոլորի»,-ասել է Միքայել Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ վերջին շրջանում քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվել Բագրատաշենի անցակետում կուտակումների վերաբերյալ: 2018 թվականին Հայաստան է ներկրվել 67 հազար ավտոմեքենա, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ` այդ ցուցանիշը կլինի 71 հազար, իսկ 2019թ-ի տարեվերջին` կհասնի շուրջ 150 հազարի:

Միքայել Մելքումյանը կուտակումների երեք հիմնական պատճառ է առանձնացրել. առաջիկայում կբարձրանա երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը,ավելացել է զբոսաշրջիկների եւ Թուրքիայից ապրանքներ ներմուծողների թիվը եւ երրորդ՝ մաքսակետն ունի ոչ բավարար թողունակություն:

Մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ մաքսատան պատասխանատուները հավաստիացրել են, որ ձեւակերպումների գրասենյակների տարածքները կընդարձակվեն, իսկ հայտարարված մրցույթի արդյունքում մաքսազերծող աշխատակիցների թիվը կավելանա: Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ մաքսատանը չի գործում բուսասանիտարիայի ծառայությունը, ինչն իր հերթին նոր խնդիրներ է առաջացնում:

Միքայել Մելքումյանը դիմելու է գործադիր իշխանությանը՝ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների անցուղիների առանձնացման հարցով: «Այդ խնդիրը պետք է հրատապ լուծում ստանա»,- ասել է նա:

Քննարկվել է նաեւ զբոսաշրջիկների կողմից մուծվող էկոլոգիական վճարի նպատակահարմարության հարցը: Մշտական հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ այսուհետեւ հանձնաժողովը Կառավարության ներկայացուցիչների հետ վերահսկելու եւ մշտադիտարկում է իրականացնելու Բագրատաշենի մաքսատանը:


23.07.2019
Քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 22-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքական երկխոսության եւ սահմանադրական գործընթացների փորձագետ, քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով Վլադիմիր Վա...