Տպել
15.07.2019
Քննարկվել են գալիք տարվա սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացած քննարկման ընթացքում Նարեկ Զեյնալյանի եւ Զարուհի Բաթոյանի նախագահությամբ անդրադարձել է սոցիալական ոլորտի խնդիրներին ու 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված բնագավառի ֆինանսական հատկացումներին:

Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը պատկանում է նախարարությանը: Ըստ նրա` այսուհետեւ նմանօրինակ համատեղ քննարկումները լինելու են շարունակական: Համատեղ ներկայացվելու են օրենսդրական նախաձեռնություններ, ինչը, հանձնաժողովի նախագահի խոսքով` հնարավորության կտա հիմնովին բարեփոխել բնագավառը:

Զարուհի Բաթոյանը նույնպես կարեւորել է արդյունավետ համագործակցության հարթակի ստեղծումը: Նախարարի հավաստմամբ՝ բնագավառին 2020 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ 486 միլիարդ դրամ, որը ներառում է նաեւ նախատեսված կենսաթոշակների բարձրացման գումարը: Ոլորտային ծրագրերն ուղղված են լինելու ծառայությունների մատուցմանը: Արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք ծրագրերը միավորվել են: Կարեւոր է համարվել տարեցների, երեխաների, հաշմանդամների, կանանց վերաբերյալ ծրագրերի հասցեականությունը: Լուրջ բարեփոխումներ կլինեն համայնքների ներքո գործող սոցիալական ծառայությունների ոլորտում. դրանք կանցնեն նախարարության ենթակայության: Միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ համաֆինանսավորմամբ կգործեն բռնության ենթարկվածների 2 ապաստարան: Առաջիկայում դրանք կլինեն նաեւ մարզերում: Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի ճանաչման մասին» օրենքի նախագիծ, որը, նախարարի հավաստմամբ, բնագավառը խորքային փոփոխության է ենթարկելու: «Կարիքի գնահատման գործընթացն արդեն մեկնարկել է»,-նշել է Զարուհի Բաթոյանը: Պատրաստվել է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծ, որով հստակ սահմանվել են նրանց իրավունքները. դրույթներից մեկով լուծվում է տրանսպորտի եւ շինությունների ու այլ վայրերի մատչելիության խնդիրը: Օրենքի պահանջը չապահովելու համար նախատեսվել է տուգանք:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է նաեւ տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը:

Պատգամավորների բազմաբնույթ հարցերին պատասխանել են նաեւ փոխնախարարներ Սմբատ Սաիյանն ու Ժաննա Անդրեասյանը:


15.07.2019
ՄԻ պաշտպանը ներկայացրել է 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսերը
Հուլիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ աշխատանքային նիստ էր հրավիրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի՝ «ՀՀ 2020 թ. բյուջետային գործընթաց սկսելու մասին» որոշման համաձայն ՀՀ 2020 թվականի բյուջետայի...