National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
12.07.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն ամփոփել են խորհրդարանում վերջին ամիսների աշխատանքը
1 / 5

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հուլիսի 12-ին հրավիրած ասուլիսում ամփոփել են վերջին 6-7 ամիսների ընթացքում մշտական հանձնաժողովներում կատարած աշխատանքը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ծավալած գործունեությունը՝ այս համատեքստում ընդգծելով ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ ջանքերը: Նշվել է, որ խմբակցությունը լիարժեք իրականացրել է վերահսկողական գործիքներից օգտվելու իր իրավունքը, ինչի վառ վկայությունն են գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումները: Իսկ գերակա համարվող խնդիրները նախատեսվում են լուծվել մինչեւ տարեվերջ: Լիլիթ Մակունցի հավաստմամբ՝ խմբակցությունը կշարունակի իր բաց աշխատելաոճը, օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման առումով կլինի ավելի ակտիվ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վադանյանի տեղեկացմամբ՝ հաշվետու շրջանում գումարվել է 15 նիստ, 6-ը՝ հերթական, 9-ը՝ արտահերթ: Շրջանառության մեջ դրված 111 նախագծից ամբողջությամբ ընդունվել է 56-ը, 14-ն ընդգրկվել է օրակարգ, 41-ը դեռեւս օրակարգում չէ: Քաղաքացիներից ստացվել եւ սահմանված կարգով պատասխանվել է շուրջ 46 գրության: Նա անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությանը, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ ոլորտային օրենսդրության կատարելագործման հիմնական ուղիները:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գումարվել են թե՛ հերթական, թե՛ արտահերթ նիստեր, կազմակերպել տարբեր քննարկումներ: Նախատեսվում է փորձագիտական հարթակի ստեղծում, որը հանձնաժողովի հետ համատեղ մշակելու է անվտանգությանը եւ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բազան: Ըստ պատգամավորի՝ ապրիլյան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները պետք է լինեն հասարակության համար անհերքելի, կառուցված ճիշտ փաստերի վրա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը գումարել է 17 նիստ, շրջանառության մեջ դրված 69 նախագծից 50-նն ընդունվել է ամբողջությամբ, 14-ը՝ շրջանառության մեջ է, 5-ն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Տարբեր ձեւաչափերով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ: Հանձնաժողովը կառավարության հետ ձեւավորել է աշխատանքի նոր մեխանիզմ, առաջիկայում բոլոր նախաձեռնությունները կլինեն համատեղ: Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ ընդդիմության հետ համագործակցությունը եղել է կառուցողական:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտությունը եղել է ակտիվ, բոլոր շփումների ընթացքում գործընկերներին ներկայացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ ՀՀ միջազգային օրակարգը. կիզակետում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ մեր երկրի համար կարեւոր այլ հարցեր: Ակտիվ աշխատանքներ են սկսվել բարեկամական խմբերի հետ: Պատգամավորը խոսել է խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների ակտիվ աշխատանքների մասին, կարեւորել ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը եւ կոչը մյուս խորհրդարաններին՝ ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես նաեւ հակահայկական տարրերով բանաձեւի չեզոքացումը: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել ոչ հայանպաստ ձեւակերպումները, այլ նաեւ բանաձեւում ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքը` Արցախյան հակամարտության համատեքստում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ձեւավորվել է 3 ենթահանձնաժողով: Գումարվել են 6 հերթական եւ 4 արտահերթ նիստեր: Այս պահին ակտիվ աշխատանքներ են իրականացվում Կինոյի, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքների հետ կապված: Հանձնաժողովն անցկացրել է բազմաթիվ մասնագիտական քննարկումներ:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ հաշվետու ժամանակում անցկացրվել է 3 նիստ: Հանդիպումներ են եղել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ ԵՄ անդամ 28 երկրներից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 17-ը:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի մշտական հանձնաժողովի հետ, աշնանը նախատեսվում է պատասխան այց Մոսկվա: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք համաձայնագրերի վավերացմանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովն անցկացրել է 8 նիստ: Քննարկվել են Կառավարության ծրագրի կատարման, ընթացքի ու արդյունքների մասին եւ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցները: Հանձնաժողովը բազմաթիվ աշխատանքային քննարկումներ է անցկացրել, այցելել քրեակատարողական հիմնարկներ, անցկացրել խորհրդարանական լսում: Հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մյուս հանձնաժողովների հետաքրքրված ներկայացուցիչների հետ զբաղվում են «Փաստաբանության մասին» օրենքի վերանայմամբ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը նշել է, որ սերտորեն համագործակցելով միջազգային կառույցների հետ` հանդիպումներ են ունեցել եւ արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել համատեղ, ստանալ տեխնիկական եւ փորձագիատական աջակցություն՝ օրենսդրական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, համադրելով նախորդ տարիների արդյունքները, նշել է որ ավելացել են քաղաքացիների ընդունելության ծավալները, ինչը վկայում է հանրության կողմից ԱԺ-ի եւ մասնավորապես հանձնաժողովի հանդեպ վստահության մասին: Խոսելով օրինաստեղծ գործունեությունից՝ պատգամավորը նշել է, որ ընդունվել է 10 օրենքի նախագիծ:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել է 7 նիստ: Պատգամավորը կարեւորել է կենսաթոշակային համակարգի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, մասնավորապես նվազագույն կենսաթոշակի շեմի բարձրացումը: Հանձնաժողովը կազմակերպել է 4 ընդունելություն, որին մասնակցել է 72 քաղաքացի, նաեւ ստացվել է գրավոր 55 դիմում: Եղել են նաեւ ոլորտային մասնագիտական մի շարք քննարկումներ:

Խմբակցության ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS