Տպել
12.07.2019
Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգությանն առնչվող հարցերի
1 / 4

Հուլիսի 12-ին խորհրդարանում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության առկա իրավիճակին, խնդիրներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը նշել է, որ օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները եւ խնդիր է օր առաջ գտնել դրանց լուծման արդյունավետ տարբերակները, օրենսդրական շտկում պահանջող կարգավորումները: Պատգամավորը կարեւորել է քաղաքային ոստիկանության ստեղծումը, շրջիկ տեսուչների գործունեությունը:

Ըստ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ պարբերաբար աճող ճանապարհատրանսպորտային պատահարները պայմանավորված են թե՛ կարգազանց վարորդներով, թե՛ օրինախախտ հետիոտներով եւ թե՛ Հայաստան ներկրվող մեքենաների շեշտակի աճով: Նշվել է, որ վերջին ամիսներին մշակվում է փաթեթ, որով նախատեսվում է բալային համակարգի ներդնում, երթեւեկության կանոնների խախտման դեպքում ոչ միայն տուգանքներ են սահմանվելու, այլ նաեւ բալեր կորցնելու հետեւանքով վարորդը կարող է զրկվել անգամ վարորդական իրավունքից:

Հանրային հատվածի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են մի շարք խնդիրների, հանդես եկել դրանց լուծման առաջարկներով: Երկարաժամկետ ծրագրում առաջարկվել է ներդնել զրոյական մահացության հայեցակարգ, միջնաժամկետում՝ բալային համակարգ, քաղաքային ոստիկանություն, ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող մեխանիզմներ, կարճաժամկետ պլանում կարեւորվել է ոստիկանության ծառայողներին խրախուսելը, աշխատավարձերի բարձրացումը: Անդրադարձ է կատարվել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությանը, օրինազանց հետիոտներին եւս պատասխանատվության ենթարկելու խնդրին: Ճանապարհատրանսպորտային դեպքերի կանխարգելման հարցում ընդգծվել է ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունը: Կարգազանց վարորդներին պատասխանատվության ենթարկելու հարցում որպես պատժի տեսակ քննարկվել է հանրային աշխատանքների իրականացման հարցը: