Տպել
12.07.2019
Քննարկվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը
1 / 4

Հուլիսի 12-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը:

Արման Եղոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի անդամներն ակտիվ մասնակցել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին: Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ զգալի աշխատանք է կատարվել միջգերատեսչական հանձնաժողովում եւ այսօր արդեն ճանապարհային քարտեզը հաստատված է, դրա հետ կապված կա նաեւ ՀՀ վարչապետի որոշումը:

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս փուլում ճանապարհային քարտեզի բովանդակությունը կազմվել է՝ ներառելով այն միջոցառումների եւ ոլորտների ցանկը, որոնք արդեն ուժի մեջ են մտել համաձայնագրով, դրանք են՝ էներգետիկ համակարգ, շրջակա միջավայր, տրանսպորտ, կլիմայի փոփոխություն, սպառողների պաշտպանություն, միգրացիա, կոռուպցիայի դեմ պայքար, դատական բարեփոխումներ, ժողովրդավարության ամրապնդում, մարդու իրավունքներ (առանձին ուժի մեջ մտած հատված կա, որը վերաբերում է առեւտրին եւ առեւտրի կանոններին): Փոխվարչապետն անդրադարձել է հետագա աշխատանքներին՝ ընդգծելով, որ ստեղծվելու են իրավական ակտեր, որոնք ներդնելու, փոփոխելու եւ լրացնելու են այս ոլորտներին վերաբերող չափորոշիչները:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի 12 նիստ է գումարվել, որի արդյունքում ձեւավորվել է վերոնշյալ ճանապարհային քարտեզը. այն ինտեգրման գործընթացների հետ կապված ծածկում է միջոցառումների գրեթե 70 տոկոսը: Նրա խոսքով՝ երկրորդ ճանապարհային քարտեզը եւս լինելու է բազմաբովանդակ, սակայն միջոցառումների զգալի մասն այս քարտեզում ամփոփված է:

Խոսելով հաջորդ փուլում իրականացվելիք աշխատանքների մասին՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկրորդ ճանապարհային քարտեզով անդրադարձ կկատարվի առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության ոլորտներին, կնախատեսվեն իրավական կարգավորումներ:

Պատգամավորների հարցադրումներն առնչվել են մասնավորապես համաձայնագրի կիրարկման ֆինանսավորմանը, բարեփոխումների շրջանակին, հասարակությանն իրազեկելուն ուղղված աշխատանքների իրականացմանը, ոլորտային ծրագրերի կյանքի կոչման հարցում համայնքների ֆինանսավորմանը եւ այլ խնդիրների:

Փոխվարչապետի խոսքով՝ ամեն ինչ արվել է, որ ճանապարհային քարտեզից բխող միջոցառումների իրականացման գործընթացը ներդաշնակեցված լինի մեր երկրի ռազմավարական անելիքների հետ: Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ փաստաթուղթը կազմելիս համապատասխան քայլեր են արվել սահմանված ժամանակացույցից չշեղվելու համար: Ճանապարհային քարտեզի հետ կապված միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուր կլինեն պետական բյուջեն, դոնորների հատկացումները, արտաքին վարկային միջոցները եւ ԵՄ աջակցությունը: Մհեր Գրիգորյանը կարեւորել է ոլորտի պատասխանատուների դերը լիարժեք ինտեգրման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...