National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
12.07.2019
Հանձնաժողովականները քննարկել են գալիք տարվա եւ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը
1 / 4

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 12-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտների պատասխանատուներ:

Նախարարի տեղեկացմամբ՝ գալիք տարում կրթության ոլորտին պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 145 մլրդ 991 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 18.9 մլրդ դրամով: Ավելացված գումարի մի մասն ուղղվելու է այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացմանը:

Նախարարությունը շարունակելու է իրականացնել սկսված ծրագրերը: Մասնավորապես, շարունակվելու է դպրոցների շենքային պայմանների բարելավումը. բացի հիմնանորոգման աշխատանքներից, մարզերի 22 փոքրաթիվ համայնքներում կատարվելու են դպրոցների վերակառուցման աշխատանքներ, եւ մոտ երկու տարուց Հայաստանի դպրոցներն այլ՝ ավելի բարեկարգ տեսք ու հնարավորություններ են ունենալու, վստահեցրել է նախարարը:

Առաջիկա տարիներին հանրապետության տարբեր մարզերում ավելացվելու է նախակրթական հաստատությունների թիվը:

Գալիք տարում կհեշտանա նաեւ ուսուցիչների տեղաշարժը համայնքից համայնք, քանի որ մի քանի անգամ ավելացվելու է այդ նպատակի համար հատկացված գումարը:

Նախատեսվում է խորհրդարանի քննարկմանն առաջարկել նախադպրոցական եւ բարձրագույն բուհական կրթության վերաբերյալ օրենքների նախագծեր, որոնց բացակայությունը կամ թերի լինելը բացասաբար է ազդում այդ բնագավառների աշխատանքի վրա:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կրթության եւ գիտության ոլորտներում նախատեսված փոփոխություններին, միջին մասնագիտական եւ ավագ դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ու այն մրցունակ դարձնելու անհրաժեշտությանը, ներառական կրթությանը եւ այլն: Պատգամավորներից Էդգար Առաքելյանի հարցը վերաբերել է դասարանների բեռնաթափմանը եւ այդ առնչությամբ իրականացվող աշխատանքներին: Համամիտ լինելով խնդրի կարեւորությանը, Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր չունի այն հնարավորությունները, որպեսզի բեռնաթափվեն դասարանները: Դա պայմանավորված է թե բյուջետային միջոցների սակավությամբ, թե ուսումնական հաստաությունների ֆիզիկական հնարավորություններով: Թեեւ, ըստ նախարարի, կա խնդիր, որին պետք է լուծում տալ:

Արայիկ Հարությունյանը կարեւորել է նման քննարկումները՝ հավելելով, որ պատգամավորների հարցերն ու առաջարկները նպաստում են գործադիր մարմնի աշխատանքին, եւ երբեմն անհրաժեշտ դարձնում բյուջետային ծրագրերի վերանայումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS