Տպել
10.07.2019
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են գալիք տարվա, ինչպես նաեւ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 10-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատասխանատուներ:

Քննարկվել են մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար վերոնշյալ ժամանակահատվածների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, ծրագրերն ու փոփոխությունները:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանել է, որ քննարկումն իրականացվում է՝ ելնելով ԱԺ վերահսկողական գործառույթներից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանն ու Նարինե Խաչատուրյանը ներկայացրել են մշակույթի ոլորտում առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերն ու գաղափարները՝ հստակեցնելով, որ 2020 թվականին ակնկալվում է իրականացնել ութ ծրագիր եւ 39 միջոցառում:

Արայիկ Խզմալյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ անփոփոխ են մշակութային քաղաքականության առաջնահերթություններն ու բնագավառները, հետեւաբար 2020 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցները գրեթե նույնն են, ինչ 2019-ին:

Փոխնախարարներն առանձնապես կարեւորել են մշակույթի ապակենտրոնացումն ու մշակութային կյանքի աշխուժացումը մարզերում: Նշվել է, որ այդ նպատակին հասնելու համար կան գաղափարներ, որոնք դեռեւս քննարկման փուլում են: «Տարիներով կուտակված խնդիրները կարգավորելու համար ժամանակ է հարկավոր»,-ասել է Նարինե Խաչատուրյանը՝ ներկայացնելով մի շարք թանգարաններ, արգելոց-թանգարաններ եւ մշակութային հուշարձաններ վերանորոգելու վերաբերյալ ծրագիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը ներկայացրել է սպորտի եւ երիտասարդությանն ուղղված ծրագրերի համար հատկացվելիք ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նախատեսված ծրագրերից երիտասարդները նախորդ տարիներին գրեթե տեղյակ չեն եղել, ուստի այսօր անհրաժեշտություն է ավելացնել նրանց իրազեկվածությունը՝ օգտագործելով տարբեր գործիքներ: Գեւորգ Լոռեցյանը պարզաբանել է, որ այդ ուղղությամբ եւս աշխատանք իրականացվում է. ստեղծվել է կայքէջ, որում ներկայացված են ծրագրերը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ կառույցին հատկացվելիք ֆինանսական միջոցներն անփոփոխ են, սակայն կան խնդիրներ, որոնք կապված չեն ֆինանսների հետ, եւ դրանք պետք է կարգավորել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով: Տիգրան Հակոբյանը պարզաբանել է, որ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող օրենքում կան դրույթներ, որոնք կառույցը չի կարողանում իրականացնել, քանի որ հստակեցված չեն չափորոշիչները: Նա այս հարցում ակնկալել է օրենսդիրների աջակցությունը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն անդրադարձել է առաջիկա երեք տարիների ծրագրերին եւ առկա խնդիրներին՝ նշելով, որ կառույցի նպատակը մեկն է՝ ավելացնել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ հանրության վստահությունը՝ բարձրացնելով հաղորդումների որակը: Ըստ նրա՝ այդ նպատակին հասնելու համար արդեն կան հստակ գաղափարներ ու ծրագրեր: Նա նաեւ նշել է, որ ընթացիկ տարվա համեմատ կա նաեւ ֆինանսական հատկացումների որոշակի աճ: