Տպել
10.07.2019
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
1 / 3

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, հուլիսի 4-8-ը մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանին: Հուլիսի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին:

Ըստ Հայկ Կոնջորյանի՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այս կազմով առաջին անգամ է մասնակցել վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Նա նշել է, որ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչները ԵԱՀԿ ԽՎ-ում չեն զբաղեցնում որեւէ պաշտոն:

Հայ խորհրդարանականների ջանքերով կանխվել է ադրբեջանական խավիարային դիվանագիտության հերթական հակահայկական փաստաթղթի ընդունումը: ԱԳՆ աշխատակազմի, ՀՀ ԱԺ պատգամավորների շաբաթներ տեւած համակարգված, փաստարկված աշխատանքների արդյունքում շրջանառվող բանաձեւի նախնական տարբերակից դուրս է բերվել «Ադրբեջանի 7 շրջաններ» ձեւակերպումը:

Փաստաթղթում առանձին դրույթով ընդունվել է ֆրանսիացի պատգամավոր Ժան Բիզեի կողմից ներկայացված առաջարկը, ըստ որի՝ արձանագրվել է. «Ճանաչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, նպատակ ունենալով հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ տեւական կարգավորմանը, ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների վերջին շրջանի կառուցողական երկխոսությունը, որը միտված է ստեղծել խաղաղությանը նպաստող միջավայր եւ ձեռնարկել միջոցառումներ մարդասիրական ոլորտում»: Մեկ այլ դրույթով քաջալերվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին ակտիվացնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության համատեքստում, եւ կիրառել կոնկրետ ու շոշափելի միջոցառումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների՝ զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, հարգել տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը:

ԵԱՀԿ ԽՎ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ընդունել է դրույթ, որով ողջունվում է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ կոչ անելով այլ ազգային խորհրդարաններին եւս հետեւել այդ օրինակին:

Անի Սամսոնյանի խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ-ն մի հարթակ է, որտեղ չպետք է սահմանափակվել միայն ազգային հարցերով, պետք է մասնակցել համընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին: Նա լիագումար նիստի՝ կոռուպցիայի կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին վերաբերող քննարկումների ժամանակ անդրադաձել է Հայաստանում իրականացվող քայլերին:

Համազասպ Դանիելյանը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հանձնաժողովին ներկայացրել է երկու առաջարկ, որոնք ընդունվել են ձայների մեծ առավելությամբ: Առաջարկները վերաբերել են թվայնացման ռիսկերին, թվայնացման հետ կապված լրացուցիչ հնարավորություններին, ինչպես նաեւ տնտեսական հարցերում մարդու իրավունքների առաջնահերթ դիտարկմանը:

Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աջակիցների թվում շատ էին մարդիկ, ովքեր իրազեկ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, ողջունում էին իրականացվող ժողովրդավարական գործընթացները եւ աջակցության պատրաստակամություն հայտնում: