Տպել
10.07.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 10-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ քվեարկությամբ ընդունվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

»Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում կառավարությունն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբացության առաջարկը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն եւ առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին եւ անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Փաթեթի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անհասկանալի է համարել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության առանձին գրասենյակ ստեղծելը:

Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբացության դիրքորոշումը, նշել է, որ ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարունում պետք է ունենա մասնագիտական փորձառություն, լինի պրոֆեսիոնալ: Պատգամավորը կոչ է արել խորհրդարանին կողմ քվեարկել նախաձեռնությանն այն փոփոխություններով, որոնց դրական եզրակացություն է տվել հանձնաժողովը:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է առանձին գրասենյակ ստեղծելուն, որի նպատակն է բարձրացնել Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության աստիճանը, թույլ տալ, որ խնդրով զբաղվեն մասնագիտական փորձառությամբ անձինք: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: