Տպել
08.07.2019
Նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների եւ որսագողության համար սահմանված պատժամիջոցները
1 / 4

Հուլիսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ Կառավարության հեղինակած երկու օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կքննարկվեն Ազգային ժողովի՝ հուլիսի 9-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների եւ որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները:

Էապես կխստացվեն  անտառային տարածքներում  արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները կտրելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելու համար սահմանված պատիժները:

Ակնկալվում է, որ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կխոչընդոտի կովկասյան ընձառյուծի որսին  կամ ոչնչացմանը: 
  
ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի  կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից,  ինչպես նաեւ   կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամի փոխարեն   Կառավարությունն առաջարկում է սահմանել 100 միլիոն դրամ տուգանք, ինչն այնքան էլ իրատեսական չէր թվում պատգամավորներին:

Որոշ օրենսդիրներ աննպատակահարմար էին համարում նաեւ ապօրինի անտառահատումների համար սահմանված պատժամիջոցների ավելացումը՝ առավելապես կարեւորելով կանխարգելիչ միջոցառումների իրականացումն ու հանրության իրազեկումը,  վերահսկողության ավելացումը ոլորտում:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով,  որը նույնպես քննարկվում էր առաջին ընթերցման ընթացակարգով, առաջարկվում է  Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված  հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը  վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

Այս փոփոխությունը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել Կառավարության աշխատանքը: