Տպել
08.07.2019
Վրանային ճամբար Շուշիում
1 / 3

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Արգիշտի Մեխակյանն ու Վարդան Աթաբեկյանը հուլիսի 8-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկյացրել հուլիսի 9-ին Շուշիում մեկնարկող վրանային ճամբարի վերաբերյալ:

Սոֆիա Հովսեփյանը տեղեկացրել է, որ ծրագիրը ֆինանսավորում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Արցախի իշխանությունները: Հանրապետության բոլոր մարզերից 14-ից 18 տարեկան 100 եւ Արցախից նույնքան թվով պատանիներ 10 օր շարունակ իրենց հանգիստը կանցկացնեն հայկական երկրորդ պետության մշակութային մայրաքաղաքում: Նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ: Կլինեն այցելություններ Արցախի տեսարժան եւ պատմամշակութային վայրեր:

Ըստ պատգամավորի՝ հիմնական նպատակն է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» գաղափարախոսության ներդրումը: Նրա հավաստմամբ՝ երեխաները, կտրվելով համակարգչային խաղերից, կշփվեն, կծանոթանան միմյանց հետ, ընկերական կապեր կհաստատեն:

Նշվել է, որ ճամբարականներն ընտրվել են մրցութային կարգով, հաշվի են առնվել ընտանեկան-սոցիալական պայմաններն ու երեխաների նախասիրությունները:

Պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը, կարեւորելով ծրագիրը, նկատել է, որ մասնակիցների համար շրջակա միջավայրի հետ կապն ապահովելու առիթ է:

Նույն թվաքանակով երկրորդ փուլին կմասնակցեն երիտասարդները: Ծրագիրը շարունակական է: