National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
08.07.2019
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 6

Հուլիսի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով որպես խրախուսանքի միջոց՝ առաջարկվում է ընթերցանության դեպքում դատապարտյալին տրամադրել սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում:

Սերգեյ Բագրատյանը նշել է, որ նախագծի նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման եւ վերաինտեգրման ապահովումը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մի շարք հարցեր է բարձրացրել գաղափարի իրագործման առնչությամբ՝ ովքե՞ր պետք է որոշեն՝ դատապարտյալն ընթերցե՞լ է, թե՞ ոչ, ո՞ր գրքերն ունեն դատապարտյալների համար սոցիալականացման ուղղություն, ի՞նչ ծավալով պետք է կարգավորվեն այդ հարաբերությունները:

Նշելով, որ կարճաժամկետ մեկնման հիմքում անձնական բացառիկ հանգամանքներն են ու սոցիալական վերականգնումը՝ փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող կարգավորմամբ կխաթարվի կարճաժամկետ մեկնման վերոնշյալ էությունը: Նա առաջարկել է քննարկել կարճաժամկետ մեկնումը կարճատեւ եւ երկարատեւ տեսակցության տրամադրմամբ փոխարինելու հարցը ու հստակեցնել չափանիշները:

Տիգրան Խաչիկյանը տեղեկացրել է, որ նախարարությունն իրականացնում է Քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներ եւ առաջարկել նախագծով նախատեսվող կարգավորումները կանոնակարգել այդ շրջանակում:

ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ այժմ Քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման շրջանակում քննարկվում են խրախուսանքի միջոցների համակարգն ավելի ճկուն դարձնելու մեխանիզմները: Անդրադառնալով նախաձեռնությանը՝ նա ընդգծել է, որ այս պահին որպես խրախուսանքի միջոց կարճատեւ մեկնումը չի գործում, ինչը կարելի է քննարկման առարկա դարձնել խրախուսանքի միջոցի տրամադրման հիմքերի համատեքստում:

ԱԺ պատգամավորները եւ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կրթությանը, տրամադրվող գրքերի ընտրությանը, օտարալեզու գրքերի ցանկի սահմանմանը, ընթերցանության համար համապատասխան միջավայրի ապահովմանը եւ այլ հարցերի:

Քննարկման ավարտին Սերգեյ Բագրատյանը նշել է, որ առաջիկայում բարձրացված հարցերը կքննարկվեն, եզրակացություններ կներկայացվեն շահագրգիռ կառույցներին, կորոշվի խնդրի լուծման տարբերակը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS