National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05〈=arm.07.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում
1 / 10

«Մեծարգո՛ պարոն Սիլուրիս,

հարգելի՛ գործընկերներ,

տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի առջեւ: Նախքան բուն ելույթիս անցնելը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը եւ ինձ մատուցված ջերմ ընդունելության համար:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իմ հայրենիքում տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ համայն հայությունը ոտքի կանգնեցին՝ կյանքի կոչելու democratia բառն իր ողջ էությամբ՝ իշխանությունը վերադարձնելով ժողովրդին: Այն ուղին, որ Հայաստանը բռնեց սրանից մեկ տարի առաջ՝ հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու հիմնարար ազատությունների պաշտպանությանը եւ իրավունքի գերակայությանը, այլեւս անշրջելի են նորագույն Հայաստանի պատմության մեջ:

Դրա հաստատումն էին նաեւ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացան միջազգային դիտորդական առաքելությունների ամենաբարձր գնահատականին: Եւ ահա, ինձ համար մեծ պատիվ է որպես նոր գումարման Ազգային ժողովի նախագահ՝ առաջին պաշտոնական այցերից մեկը կատարել հենց եղբայրական Կիպրոս:

Թավշյա հեղափոխության առաջին օրերին հայտարարվել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չեն ունենալու արմատական փոփոխություններ, եւ բնականաբար մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-կիպրական արդեն իսկ ամուր հարաբերությունները, որոնք ուղղակիորեն այլընտրանք չունեն:

Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահավետության ընկերներ եւ իսկական ընկերներ: Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ եւ կիպրացի ժողովուրդներն իսկական ընկերներ են, եւ Հայաստանն ու Կիպրոսն իսկական ընկերներ են: Դարեր շարունակ հայերը եւ կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, եւ այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն՝ դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը: Եւ այս առաքելությունը մենք իրականացնում ենք՝ սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում:

Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարեւան հանրապետության ղեկավարության կողմից: Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրների շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է ու բերում է տարածաշրջանում անկայունության եւ ռազմական հակամարտության շարունակականության:

Հարգելի գործընկերներ,

ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձեւաչափը: Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, եւ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Մեզ համար անգնահատելի է եղբայրական Կիպրոսի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում:

Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեեւ առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը եւ Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ մենք լիովին սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման եւ Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով:

Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Թուրքիայի կողմից դրսեւորված նման ապակառուցողական եւ անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովմանը:

Մեր բարեկամ Կիպրոսն իր կարեւորագույն դերն է ունեցել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Այսօր, ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին:

Ցանկանում եմ իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել Կիպրոսի բարձր ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Նիկոս Անաստասիադիսի եւ Ձեզ նախորդած հարգարժան խոսնակ Յանակիս Օմիրուի, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության համար:

Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի նաեւ հայ համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ եւ պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին՝ այդ հայերին պատսպարելու եւ իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու ու արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ Կիպրոսի հայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունենում երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում, Կիպրոսի զարգացման մեջ:

Ինձ համար հպարտության առիթ է նաեւ այս բարձր ամբիոնից երախտագիտությամբ նշել Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի Պետական ներկայացուցիչ՝ մեր հարգարժան հայրենակից Վարդգես Մահտեսյանի անգնահատելի ավանդն ու անձնվեր գործունեությունը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը, սիրելի՛ հայրենակից, եւ հպարտանում ենք Ձեզնով:

Գալով մեր օրերին՝ ուզում եմ նշել՝ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են իրենց փոխըմբռնման եւ փոխվստահության դրսեւորմամբ: Վերջին քառորդ դարում մենք կարողացել ենք զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն եւ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ մենք դեռեւս չենք օգտագործել երկու երկրների միջեւ փոխգործակցության ողջ ներուժը:

Խոսելով արդեն ապագայի պլաններից, պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Եւ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ: Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարեւոր ձեւաչափ է:

Չափազանց կարեւորում եմ նաեւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձեւաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջեւ բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձեւավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը:

Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի եւ ապագայի մասին իմ պատկերացումները: Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման եւ պահպանման:

Զիտո՛ Կիպրոս,

Զիտո՛ Արմենիա,

Կեցցե՛ հայ - կիպրական հարատեւ բարեկամությունը»,-նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:


05.07.2019
Սահմանադրության օրվա առթիվ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը
Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նամակում ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկ...

05.07.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ: Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS