Տպել
04.07.2019
Պյոտր Սվիտալսկին հյուրընկալվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 4

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ներկայացուցչության քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովայի եւ համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսայի հետ:

Պյոտր Սվիտալսկին այս տարվա օգոստոսին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում. հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել դեսպանին անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ նա շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ կառույցների եւ Հայաստանի խորհրդարանականների համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ կիրարկման գործընթացում խորհրդարանական ներգրավվածությանն ու դրա ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, վիզաների ազատականացման երկխոսությանը, արդարադատության եւ դատական համակարգում սպասվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ռազմավարությանն ու դրանում ԵՄ ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր: