Տպել
28.06.2019
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 14

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին գումարել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ-ն որոշել է արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օր անցկացնել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ:

Oրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Պատգամավորները քննարկել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը : Այդ պաշտոնում երկու տարով ընտրվելու համար ՀՀ վարչապետն առաջադրել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը:

Էդգար Ճաղարյանը խորհրդարանին է ներկայացրել իր կենսագրությունն ու աշխատանքային ուղին՝ անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին եւ դրանց կարգավորմանն ուղղված իր տեսլականին: Նա խոսել է նաեւ ՏՄՊՊՀ հետագա գործունեության մասին, անդրադարձել այն բարելավելու իր պատկերացումներին:

Թեկնածուն անհրաժեշտ է համարել բարեփոխել ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու ընդլայնել կառույցի լիազորությունները, ավելացնել գործունեության թափանցիկությունը, ստեղծել բարեխիղճ մրցակցային դաշտ, որտեղ պետք է հնարավորինս պաշտպանված զգան բարեխիղճ տնտեսվարողները:

Էդգար Ճաղարյանի խոսքով՝ իր գիտելիքներն ու աշխատանքային փորձը կնպաստեն կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հաջորդիվ պատգամավորները քննարկել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Այդ պաշտոնում մեկ տարով ընտրվելու համար ՀՀ վարչապետն առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը, որը նույնպես ներկայացրել է իր կենսագրությունն ու աշխատանքային փորձը, մանրամասնել ոլորտում առկա խնդիրները, մրցակցային դաշտի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումներն ու գործարար միջավայրի բարելավմանը միտված իր մոտեցումները:

Թեկնածուի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները

Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է թեկնածուների առաջադրման կարգին: Նմանատիպ պաշտոններում լավագույն կադրեր գտնելու նպատակով պատգամավորը կարեւորել է առաջադրման հավասար մրցակցային պայմանների առկայությունը:

Արփինե Դավոյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքի տրամաբանությունը նոր Հայաստանում պետք է միտված լինի մենաշնորհների վերացմանը:

Հովիկ Աղազարյանը կոչ է արել թեկնածուներին առաջիկա տարիների գործունեության ընթացքում ամենօրյա եւ հետեւողական պայքար մղել մենաշնորհի դեմ:

Վիկտոր Ենգիբարյանի կարծիքով՝ մցակցության միջոցով է հնարավոր ապահովել պետության զարգացումը:

Տնտեսության զարգացման համար Բաբկեն Թունյանը կարեւոր է համարել հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Պատգամավորը հորդորել է կառույցին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տալ օբյեկտիվ եզրակացություններ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի՝ նախատեսվում է դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրել նոր գրանցման վկայական: Իսկ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա կողմից լիազորված անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում` նոտարի պահանջով կփոխարինվի նոր գրանցման վկայականով` պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով: Նախատեսվում է նաեւ, որ պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրամադրել նոր գրանցման վկայական` ուղղման վերաբերյալ նշումով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը: Նա անդրադարձել է նախաձեռնությամբ համակարգում նախատեսվող բարեփոխումներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախարարը տեղեկացրել է, որ տարիներ առաջ օրենքով սահմանափակվել է հանրապետությունից սեւ մետաղի ջարդոնի արտահանումը, ինչը նպատակ է ունեցել խթանելու այդ մետաղից արտադրանքի արտադրությունը:

Մասնավորապես, մեկ տոննա մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է 80 հազար դրամ պետական տուրք: Այդ գործով զբաղվող ընկերությունները, որոնք այսօր շուրջ 1000 աշխատակից ունեն, տարիների ընթացքում հասել են որոշակի հաջողությունների:

Խոսելով խնդրից՝ Տիգրան խաչատրյանը պարզաբանել է, որ օրենքում առկա մի սահմանում թույլ է տալիս առանց պետական տուրք վճարելու արտահանել մետաղի ջարդոնը: Մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում երկրից դուրս է բերվել շուրջ 10 հազար տոննա մետաղի ջարդոն, ինչն ավելանալու միտում ունի: Նախարարի խոսքով՝ վերջին երեք ամիսներին արտահանվել է ավելի քան 6000 տոննա մետաղ, ուստի առաջարկվում է՝ չփոփոխելով տուրքի չափը, հստակեցնել օրենքի համապատասխան հոդվածը՝ նշելով, թե որ դեպքում հնարավոր կլինի արտահանել ծանր մետաղի ջարդոն:

Ակնկալվում է, որ փոփոխությունները տեղական արդյունաբերական ընկերություններին հնարավորություն կտան օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն ու առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նրա դիտարկմամբ՝ նախագիծը բավարար չափով չի քննարկվել, եւ դրանում առկա որոշ ձեւակերպումներ հստակեցման կարիք ունեն, հետեւաբար նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվելու պայմանով, որ մինչեւ երկրորդ ընթերցում գտնվի խնդրահարույց դրույթի լուծումը:

Նշվել է, որ հարցը վերաբերում է թեթեւ մետաղի ջարդոն արտահանող ընկերությունների գործունեության վերահսկմանը, որպեսզի նրանք թեթեւ մետաղի՝ մետաղական աղբի ջարդոնի անվան ներքո ծանր մետաղներ չարտահանեն:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, եւ ՏՄՊՊՀ անդամներ են ընտրվել Էդգար Ճաղարյանը եւ Կարեն Սեդրակյանը:

132 պատգամավորից քվեարկություններին մասնակցել են 87-ը, Էդգար Ճաղարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 75, Կարեն Սեդրակյանին՝ 78 պատգամավոր:

Երկրորդ ընթերցմամբ Տիգրան Խաչատրյանը քննարկման է ներկայացրել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակվել եւ հստակեցվել է:

Նախագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր. այն ներկայացրել է Բաբկեն Թունյանը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ ներդնել պարզեցված վարույթի արդյունավետությունն ու կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սուրեն Գրիգորյանը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորելու օրենքի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են կենսաթոշակի նշանակման հարցին:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանը հարակից զեկույցում նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են ՀՀ քաղաքացիների շահերից:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ եւս քննարկման է ներկայացրել Սմբատ Սաիյանը: Նախագծով եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որեւէ տեսակի նպաստի իրավունք եւ այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից:

Ներկայացնելով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Կարինե Պողոսյանն ընդգծել է, որ նախագծի նպատակը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին առնչվող իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

Սմբատ Սաիյանի ներկայացմամբ առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասինե ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՍԴ 2019 թվականի որոշմամբ, որի համաձայն Սահմանադրությանը հակասող եւ անվավեր են ճանաչվել օրենքի մի շարք դրույթներ: Առաջարկվում է մաքսային եւ հարկային մարմինների քննիչների կենսաթոշակ ստանալու իրավունքը նույնականացնել քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության քննիչների կենսաթոշակ ստանալու իրավական կարգավորումների հետ:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է Արման Բոշյանը:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտիե կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է բացահայտել Միացյալ Նահանգների այն անձանց, որոնք արտասահմանյան կամ օֆշորային ֆինանսական կազմակերպությունների միջոցով խուսափում են ԱՄՆ աղբյուրից ստացված միջոցների հարկերի վճարումից:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարին, Երեւանում: Հնարավորություն է ընձեռվում Հայաստանի բանկային համակարգին հասանելի լինել ԱՄՆ-ի հարկային, ֆինանսական կառույցներին: Մեր երկրի բանկային կազմակերպությունները (բացառությամբ ՀՀ ԿԲ-ի եւ այլ պետական ֆինանսական կառույցների) կարող են ներդրումներ կատարել ԱՄՆ-ում, իսկ ամերիկյան կազմակերպությունները՝ Հայաստանում: Նույնը վերաբերում է նաեւ ֆիզիկական անձանց:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, քանի որ չմիանալով ՖԱՏԿԱ-ի համակարգին՝ մեր երկիրը ֆինանսական մասով կունենար խնդիրներ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի, «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկված հարցերն օրվա ավարտին ընդունվել են քվեարկությամբ:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին:


29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...