Տպել
28.06.2019
Քննարկվել են աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները, հանձնաժողովի պատգամավորների օգնականները հունիսի 28-ին հանդիպել են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նպատակն է զարգացնել կառույցների միջեւ առկա համագործակցությունը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ Դավիթ Որսկանյանը, կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումների անհրաժեշտությունը, նշել է, որ այն հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից իրականացվող համատեղ աշխատանքային ծրագրերից մեկն է:

Դավիթ Որսկանյանն անդրադարձել է համատեղ գործունեության ուղենիշերին, առանձնացնելով հատկապես աշխատանքների օպերատիվությունը, պատշաճ կազմակերպումը, իրավական ակտերի նախագծերի մշակումը, քննարկումը, օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը:

Ազգային ժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Սերգեյ Ղազինյանը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունների շուրջ համատեղ աշխատանքային գործունեության ապահովման անհրաժեշտությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ղեկավար, Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող Գոհար Սիմոնյանը ներկայացրել է կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների հիմնական ուղղությունները:

ՍԴ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Նինա Փիրումյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի օրենսդրությանը, իրավական ակտերի կատարելագործմանը վերաբերող գործառույթների հիմնական ուղղություններին:

Արդյունավետ համարելով ծավալված քննարկումը՝  հանդիպման մասնակիցները նշել են, որ այն կլինի շարունակական: