Տպել
27.06.2019
Քննարկում` կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ
1 / 4

Հունիսի 27-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հանդիպման առիթ են հանդիսացել նաեւ վերջերս կաթնամթերքի շուկայում արված փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ լաբորատորիաներից մեկը Հայաստանում վաճառվող թթվասերում հայտնաբերել է բուսական յուղ,  մյուսը՝ ոչ: Բաբկեն Թունյանի խոսքով՝ նման փորձաքննության արդյունքների հրապարակումները կարող են աղավաղել շուկան՝ ազդելով պահանջարկի վրա: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ տարբեր ժամանակներում կատարվել են փորձաքննություններ, հայտնաբերվել  նյութեր, հարուցվել վարույթներ, տուգանվել ընկերություններ: Բաբկեն Թունյանը նշել է, որ քննարկման նպատակն է գտնել ոլորտում առկա խնդիրների լուծման տարբերակները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ մեր երկրում չկա ռեֆերենս լաբորատորիա (լաբորատոր ոլորտի սահմանադրական դատարան): Զեկուցողի խոսքով՝ հիմնականում բարձրացված խնդիրը նմուշառման եւ այն ճիշտ տեղափոխելու մեջ է, այլ ոչ թե լաբորատորիայի կողմից տրվող պատասխանի: Նրա տեղեկացմամբ՝ դեպքեր են եղել, երբ լրատվամիջոցը հայտնաբերել է չգրանցված թունաքիմիկատներ պարունակող ապրանք, բարձրաձայնել դրա մասին, սակայն մինչեւ պետական կառույցը հասել է տվյալ օբյեկտ, խնդիրն արդեն վերացված է եղել: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ հուլիսի 1-ից կեղծ մակնշմամբ ապրանք արտադրողները պատժվելու են: 
  
Քննարկման մասնակիցները կարեւորել են լաբորատոր հետազոտման ուղարկելուց առաջ ապրանքի նմուշառման կանոնների պահպանումը, լաբորատորիաների գործունեության հանդեպ հանրային վերահսկողությունը: Կարծիք է հնչել, որ տարբեր լաբորատորիաների կողմից միեւնույն ապրանքի վերաբերյալ տված արդյունքների միջեւ տարբերությունը կարող է լինել ոչ զգալի: Մասնագետները նշել են, որ բուսական յուղի առկայությունը սննդի մեջ վտանգավոր չէ, կարեւորը դրա վերաբերյալ մակնշման խնդիրն է, որի դեպքում գնորդն անձամբ կորոշի՝ գնել տվյալ ապրանքը, թե ոչ:

Ամփոփելով քննարկումը՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է հանդիպել հուլիսի 9-ին եւ քննարկել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: