Տպել
27.06.2019
Հանձնաժողովը քննարկել է ջրօգտագործման, ջրաէկոհամակարգի պահպանությանը վերաբերող նախագիծ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ընթացքում առաջացել են բնապահպանական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:  Դրանք լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիներն ու գետերի ցանկը: Արդյունքում հնարավոր կլինի կանխարգելել շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները: Ելնելով բնապահպանական առանձնահատկություններից` առաջարկվում է սահմանել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը: Հանձնաժողովն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկը՝  Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելն արգելելու  վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ հունիսի 28-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: