Տպել
25.06.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրված արտահերթ նիստում քննության է առել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծեր եւ միջազգային համաձայնագիր:

«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով կարգավորվում են ապահովագրական միջնորդների իրավահարաբերությունները: Ըստ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ հիմնական նպատակն է բանկային համակարգը զերծ պահել հանցագործ անձանցից: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չէին ներկայացվել:

Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:

Քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարին, Երեւանում: Ներսես Երիցյանի հավաստմամբ՝ հնարավորություն է ընձեռվում Հայաստանի բանկային համակարգին հասանելի լինել ԱՄՆ-ի հարկային, ֆինանսական կառույցներին: Մեր երկրի բանկային կազմակերպությունները (բացառությամբ ՀՀ ԿԲ-ի եւ այլ պետական ֆինանսական կառույցների) կարող են ներդրումներ կատարել ԱՄՆ-ում, իսկ ամերիկյան կազմակերպությունները՝ Հայաստանում: Նույնը վերաբերում է նաեւ ֆիզիկական անձանց: Յուրաքանչյուր տարի հայկական բանկերն ամերիկյան կողմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշվետվություն:

Քննարկման արդյունքում երկու օրենսդրական նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն` հունիսի 28-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար: