National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
25.06.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 25-ին շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենսդրական նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Լրամշակված փաթեթի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել առաջարկներ ներկայացրած պատգամավորները:

Օրենսդիրները մասնավորապես անդրադարձել են եկամտային հարկի դրույքաչափերին եւ դրա համահարթեցման նպատակահարմարությանը, սոցիալական արդարության անհրաժեշտությանը, թանկարժեք գույքի հարկման կարեւորությանը, չընդունված առաջարկներին, երկրի ներդրումային միջավայրին, նոր հարկային օրենսգիրք մշակելու եւ եկամտային հարկի չհարկվող շեմ ներդնելու անհրաժեշտությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը համոզմունք է հայտնել, որ լրամշակված փաթեթը շահեկանորեն տարբերվում է գործող օրենսգրքից, հետեւաբար պետք է կյանքի կոչել:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն անդրադարձել է պատգամավորների դիտողություններին եւ առաջարկներին, նշել փաթեթի առավելություններն ու չընդունված առաջարկների պատճառները:

Առաջին ընթերցմամբ այնուհետեւ քննարկվել է պատգամավոր, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի փաթեթը:

Հեղինակը նշել է, որ ծավալուն փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված ենխորհրդարանական կառավարմամբ եւ նպատակ ունեն բարձրացնելու Ազգային ժողովի դերն ինքնավար մարմինների ձեւավորման գործում, ինչպես նաեւ հատուկ ընդգծել Ազգային ժողովի ընդդիմադիր եւ կառավարող խմբակցությունների դերակատարությունն այդ գործընթացներում:

Մասնավորապես, Արարատ Միրզոյանն առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներում թափուր պաշտոններում ընտրվելու համար թեկնածուների առաջադրումը հերթականորեն վերապահել ՀՀ Կառավարությանը, ապա ԱԺ կառավարող խմբակցությանն ու ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը: Գործող կարգով այդ պաշտոններում ընտրվելու համար թեկնածուներին առաջադրում է վարչապետը, հաստատում՝ ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ փոփոխություններ է նախաձեռնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուտափույթ ձեւավորման նպատակով: Առաջարկվում է այդ մարմինը ձեւավորել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից՝ այնպես, ինչպես մյուս ինքնավար մարմիններն են ձեւավորվում՝ որոշ տարբերությամբ: Ըստ ԱԺ նախագահի՝ գործող մրցութային կարգն իմիտացիոն բնույթ է կրում, ուստի նպատակահարմար է հանձնաժողովը ձեւավորել ուղղակի անցկացվող ընտրություններով: Առաջարկվում է նաեւ հանձնաժողովին օժտել նոր գործառույթներով, որոնք բխում են դատաիրավական բարեփոխումների տրամաբանությունից:

Հեղինակն առաջարկում է նաեւ բարձրացնել ինքնավար մարմնի անդամների աշխատավարձերի գործակիցը:

ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը մշակման երկարատեւ փուլ է անցել. այն համակարգաստեղծ նախաձեռնություն է, որը միտված է խորհրդարանի դերի բարձրացմանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել, ինչպես նաեւ փաթեթի նպատակներին անդրադարձել է Աննա Կարապետյանը, ով գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել առաջարկվող փոփոխություններին:

ՀՀ Կառավարության դրական կարծիքը եւ առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն

Արման Բաբաջանյանը զուգահեռներ է անցկացրել տարիներ առաջ Քենիայում անցկացված անցումային արդարադատության գործընթացի հետ՝ նշելով դրա անարդյունավետությունը: Ըստ նրա՝ այժմ Հայաստանն ընթանում է այդ սխալ ճանապարհով:

Անի Սամսոնյանը խոսել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների եւ մտահոգությունների վերաբերյալ, անընդունելի համարել առաջարկված փոփոխությունների մի մասը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու փաթեթին:

Վիկտոր Ենգիբարյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

Սերգեյ Բագրատյանը հանդես է եկել առաջարկով, իսկ Սիսակ Գաբրիելյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունն ու խորհրդարանի վերջին ամիսների աշխատանքը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում ընդդիմության բազմաթիվ նախագծեր են ընդունվել:

Նազելի Բաղդասարյանը ժողովրդավարության տեսանկյունից գնահատելի է համարել խորհրդարանի դերի բարձրացմանն ուղղված փաթեթը՝ չհամաձայնելով ընդդիմության դերի նվազեցման վերաբերյալ որոշ գործընկերների կարծիքների հետ:

Սրբուհի Գրիգորյանը բարձրաձայնել է Սիսիան քաղաքի Խանջյան եւ այլ փողոցների բազմաբնակարան շենքերում արդեն հինգ օր ջուր չլինելու խնդիրը եւ «Վեոլիա-ջուր» ընկերությանը հորդորել վերանայել գործելաոճը:

Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունների ընդունումն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուտափույթ ձեւավորումը:

Սուրեն Գրիգորյանը դրական է գնահատել օրենսդրական փաթեթը, խոսել ընդդիմությանը տրված լիազորություններից:

Էդգար Առաքելյանը ողջունել է խորհրդարանի ղեկավարի օրենսդրական նախաձեռնող աշխատաոճը: Պատգամավորի խոսքով՝ նոր Հայաստանում մենք կարիք ունենք ոչ միայն ապահովելու անկախությունն ինքնավար մարմիններում, այլեւ ունենալու կոռուպցիայից զերծ մարմիններ:

Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ օրենսդրական առաջարկն իշխանության որդեգրած քաղաքականության համատեքստում է: «Ինձ համար անհասկանալի կլինի, եթե ընդիմությունը, որը տարիներ շարունակ խոսել է վերահսկողական լծակների մասին, դեմ քվեարկի»,-նշել է պատգամավորը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Սերգեյ Բագրատյանը կարծիք է հայտնել, որ նախագիծն ունի իմիտացիոն բնույթ եւ որոշումների կայացման վրա ընդդիմությունը որեւէ ազդեցություն չի ունենալու: Պատգամավորը նշել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու եւ առաջինից երկրորդ ընթերցում կառուցողական առաջարկներ կներկայացնի:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հունվարից խորհրդարանական մեծամասնությունն ընդգծված քաղաքականություն էր տանում քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու ուղղությամբ եւ այս նախագիծը դրա հերթական դրսեւորումն է:

«Սա բարի կամքի դրսեւորում չէ, սա ընդդիմադիր եղած ժամանակ եւ հիմա մեր արտահայտած մտքերի տրամաբանական շարունակությունն է, խոսում է մեր արժեհամակարգի մասին: Մենք եղել ենք ընդդիմություն եւ հասկանում ենք, թե որքան կարեւոր են խորհրդարանում ընդդիմությանը տրվելիք լծակները»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ կողմ է քվեարկելու՝ հավատարիմ մնալով իր եւ իր թիմի որդեգրած սկզբունքներին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է ընդդիմադիր որոշ գործընկերների հնչեցրած տեսակետներին եւ պարզաբանումներ ներկայացրել: Բանախոսն առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու եւ առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Ամփոփիչ ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պետական մարմինների նկատմամբ հասարակության կողմից հնարավորինս լայն վերահսկողությունը, պետական մարմինների եւ պաշտոնյաների գործունեության հաշվետվողականությունը եւ թափանցիկությունն իրենց քաղաքական ուժի, խմբակցության ու իր անձնական սկզբունքներից է, եւ այս նախաձեռնությունը բխում է հենց այդ սկզբունքներից: ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիմության դերի ընդգծումն այս ողջ մեխանիզմի միայն մի մասն է: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ ինքնավար մարմինների ձեւավորման մեջ այս պահին եղած մեխանիզմով թեկնածու առաջադրել կարող է միայն վարչապետը: Խորհրդարանի ղեկավարն առաջարկում է վերցնել այս լիազորությունը վարչապետից եւ տալ կառավարությանը, խորհրդարանին եւ ընդդիմությանը, իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեպքում թեկնածու առաջադրելու իրավունք վերապահել նաեւ դատական իշխանության ներկայացուցչին:

Քվեարկության արդյունքում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, առաջին ընթերցումով՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: 84 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի արտահերթ նստաշրջան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS