Տպել
24.06.2019
Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտները` խորհրդարանում
1 / 5

Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողով այցելել են Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ, որոնց  հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու իրականացվող բարեփոխումներին: Կարեւորելով կրթության դերը երկրի առաջընթացի մեջ` պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ընտրել պահանջարկ ունեցող եւ հոգեհարազատ մասնագիտություն:

Աշակերտները ցանկություն են հայտնել հաճախ այցելել պետական կառույցներ եւ ծանոթանալ դրանց գործունեությանը, ինչը կօգնի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Իր հերթին պատգամավորը կարեւորել է հանրակրթական դպրոցներում  «Վարպետաց դասերի» ինստիտուտի զարգացումը:

Անդրադարձ է կատարվել ներկայիս 12-ամյա կրթական համակարգին եւ նշվել, որ այդտեղ  բարեփոխումների կարիք կա:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել Ազգային ժողովի պատմության թանգարանում:

Հանդիպումը նախաձեռնել էր «Էդու-լոջիկ» հավասար մեկնարկ» ծրագրի՝ «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպությունը: