National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.06.2019
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 21-ին գումարվել է խորհրդարանի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են երկրորդ նստաշրջանի վերջին օրը քննարկված օրինագծերը,  որից  հետո շարունակել «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը, որը հեղինակել է պատգամավոր Գեւորգ Պապոյանը:  Ըստ հեղինակի՝ համակարգում  չկան հստակ օրենսդրական կարգավորումներ, թե որքան աղբահանության վճարներ պետք է սահմանվեն օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների, ավտոկայանատեղիների, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված հատուկ նշանակության շենքերի եւ շինությունների պարագայում: Փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել փոքր եւ միջին ձեռներեցության ֆինանսական բեռը, իսկ տնտեսական գործունեության տեսակների հստակեցումը թույլ կտա խուսափել օրենքի տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունից, կոռուպցիոն ռիսկերից: Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել աղբահանության վճարի հաշվարկումն ըստ առանձին տնտեսական գործունեության տեսակի համար սահմանված դրույքաչափի, բացի այդ՝ հստակեցվում եւ լրացվում են տնտեսական գործունեության տեսակները, ամրագրվում հստակ վարչական մեխանիզմներ, որոնք ապահովելու են աղբահանության պայմանագրերի կնքումը:

Հարակից զեկույց է ունեցել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ոլորտի կարգավորման տեսանկյունից նա դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ հավելելով, որ այն գործադիր մարմնի հետ քննարկված եւ փոխհամաձայնեցված է:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Անի Սամսոնյանը  հարցեր է ուղղել հիմնական եւ հարակից զեկուցողներին՝ ողջամիտ չհամարելով արտադրական աղբի համար իջեցվող վճարների դրույքաչափերը: Պատգամավորը խնդիր է տեսնում նաեւ աղբը կշռելու՝ նախագծով առաջարկվող մեխանիզմում:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է համատիրությունների գործառույթներին եւ աշխատելաոճին՝  դժգոհություն հայտնելով մատուցվող ծառայությունների որակից: Նա առաջարկել է փոխել համատիրությունների գործունեության հայեցակարգը՝ այն դարձնելով առավել արդյունավետ:

 Բաբկեն Թունյանն ընդհանուր առմամբ  դրական է գնահատել գործընկերոջ հեղինակած նախագիծը, առաջարկել կատարել որոշ հստակեցումներ:

Նախագիծն արժանացել է նաեւ Միքայել Մելքումյանի հավանությանը, ով սակայն որոշ հարցեր ուներ՝ կապված մատուցվող ծառայությունների որակի  հետ:

Սերգեյ Բագրատյանին հետաքրքրել են աղբը կշռելու մեխանիզմները, բնակարանների  վարձակալների կողմից  աղբահանության վճարների մուծման հարցերը:

Եզրափակիչ ելույթում հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ, համաձայնել որոշ դիտարկումների հետ:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է Արմեն Եղիազարյանը:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ փոփոխություններով սահմանվում է, որ համայնքային   ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարները պետք է նշանակվեն մրցույթի արդյունքում: Նշվել է, որ  գործող օրենքով ՀՈԱԿ-ների  տնօրենները նշանակվում են համայնքի ղեկավարի սուբյեկտիվ  որոշմամբ, իսկ ավագանու անդամները պարզապես կողմ կամ դեմ են քվեարկում: Եթե 2 անգամ ավագանին մերժում է համայնքի ղեկավարի առաջարկը, ապա համայնքապետը կարող է միանձնյա որոշմամբ նշանակում  կատարել:

Զեկուցողի կարծիքով՝  գործող կարգն անարդյունավետ է, քանի որ այն թույլ չի տալիս ընտրելու լավագույն թեկնածուին, ինչը փաստում են տեղի ունեցած որոշ նշանակումներ:

Վահե Ղալումյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ անհրաժեշտ համարելով առաջարկվող փոփոխությունները:

Հարակից զեկույցում նախագիծը դրական է գնահատել նաեւ  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ելույթ ունեցող պատգամավորները կարեւորել են առաջարկվող փոփոխությունների ընդունումն ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում այլ փոփոխությունների իրականացումը, որոնց  նպատակը պետք է լինի ավագանու դերի բարձրացումն ու նրա անկախության ապահովումը:

Առաջին ընթերցմամբ նախարար Սուրեն Պապիկյանը քննարկման է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի ձեւով մասնավորեցվել է 3 օբյեկտ՝ «Գեոէկոնոմիկա» եւ  «Դիլիջան»  մանկական հակատուբերկուլյոզային  առողջարան ՓԲԸ-ը,  Տաշիրի կինոցանցի գույքը:

Աճուրդով մասնավորեցվել են «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» եւ «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունները:

Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213 մլն 299 հազ.  դրամ, որից  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 166 մլն 671  դրամ, համայնքային բյուջեներ՝  46 մլն 558 հազար դրամ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը նշել է, որ հաշվետվությունը սահմանված կարգով քննարկվել եւ ընդունվել է հանձնաժողովի կողմից: Պատգամավորը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկված օբյեկտները մասնավորեցվել են ուղղակի ձեւով եւ աճուրդային կարգով:

Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Այն, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի, լուծում է ոլորտում քաղաքացիների սպասարկման հետ կապված մի շարք խնդիրներ՝ ժամանակի կորստի ու վարչարարության նվազեցում եւ դրանից բխող կոռուպցիոն ռիսկերը: Մասնավորապես առաջարկվում է իրավունք վերապահել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներին ծառայություններ մատուցել մեկ պատուհանի սկզբունքով եւ անձին հնարավորություն ընձեռել տարածքային առումով դիմել իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ՀՀ 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտը ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները: Նախաձեռնությունը ներկայացրել է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը: Պատգամավորը նշել է, որ բազմաթիվ աշխատանքային քննարկումների արդյունքում նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ:

Նախաձեռնության վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Նա ընդգծել է, որ մինչ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումն այն կլուծի ոլորտում առկա մի շարք խնդիրներ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մեկ այլ՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը եւ նույն հոդվածի 2-րդ մասը, ինչի արդյունքում հայցվորն անհարկի չի ծանրաբեռնվի միեւնույն փաստաթուղթը մեկ այլ գերատեսչություն ուղարկելու պահանջով, կազատվի ֆինանսական եւ ժամանակային ծախսից: Ըստ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի՝ Ֆինանսների նախարարությանն անհրաժեշտության դեպքում տեղեկացնելու հարցը կարելի է լուծել ներգերատեսչական հարաբերությունների շրջանակում՝ թողնելով այն ոչ թե հայցվորի, այլ պետական գերատեսչության վրա:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում հեղինակների հետ պայմանվորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ կատարել նախագծում:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Արթուր Դավթյանը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը՝ նշելով, որ այն պետական բյուջեի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Սուրեն Գրիգորյանը կոչ է արել կողմ քվեարկել՝ նշելով, որ բարձրաձայնվող խնդիրները հանձնաժողովում կքննարկվեն եւ կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Սերգեյ Ատոմյանն էլ առաջարկել է ձեռնպահ քվեարկել, այնուհետեւ քննարկել եւ լրամշակել նախագիծը:

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ լավագույն լուծումը՝ միասնական էլեկտրոնային համակարգ ունենալն է, որի միջոցով դատարանը տեղյակ կպահեր համապատասխան մարմիններին, այն չէր լինի ծախսատար: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել՝ առաջինից երկրորդ ընթերցում բարձրացված հարցերին արդյունավետ լուծում գտնելու ակնկալիքով:

Եզրափակիչ ելույթում Տարոն Սիմոնյանը նշել է, որ նախաձեռնության ընդունման արդյունքում պետությունը ստիպված չի լինի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կատարել, քանի որ գերատեսչությունների միջեւ առկա «mulberry» համակարգի միջոցով հնարավոր է կազմակերպել տեղեկատվության փոխանակում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  «Բնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Այնուհետեւ քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ «Իմ քալը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:

Թեկնածուի մասնագիտական հատկանիշներն ու կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նշելով, որ առաջադրումը պատասխանատվություն եւ պատիվ է՝ ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանն անդրադարձել է դատական իշխանության ապահովման եւ դատարանների բնականոն ու արդյունավետ գործունեության ապահովման հարցում կառույցի ունեցած դերակատարությանը հատկապես այս փուլում, երբ առկա է ճգնաժամ վերոնշյալ համակարգում: Թեկնածուն կարեւորել է դատական ոլորտի արմատական բարեփոխումներին համահունչ քաղաքականության եւ ծրագրի մշակումը, քաղաքական որոշումների կայացումը. այս հարցում Վիգեն Քոչարյանը կարեւորել է խորհրդարանի եւ ԲԴԽ-ի դերը: Նա խոսել է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառների եւ խնդրի հաղթահարման ուղիների, դատարանների ծանրաբեռնվածության մասին: Թեկնածուի խոսքով՝ հնարավորություն է ընձեռնվել ձեւավորելու անաչառ, արդյունավետ գործող դատական համակարգ, առանց որի երկրում հնարավոր չի լինելու հաստատել լիակատար արդարության մթնոլորտ, ապահովել տնտեսական զարգացում, ներքին ու արտաքին ներդրումներ, քանի որ միայն  օրենքի եւ իրավունքի գերակայության պայմաններում է երկրի ապագան երաշխավորված:

Հարցուպատասխանի ընթացքում օրենսդիրները հետաքրքրվել են ոլորտի հիմնախնդիրների, դրանց հաղթահարման իրավիճակային լուծումների, վեթթինգի գործընթացի եւ անցումային արդարադատության իրականացման, ԲԴԽ գործառույթների, հակակոռուպցիոն դատարանի առնչությամբ թեկնածուի տեսլականով:

Պատգամավորները՝ թեկնածության վերաբերյալ

Նաիրա Զոհրաբյանն առանձնակի կարեւորել է դատաիրավական համակարգի բարեփոխման իրականացման համար ընտրված գործիքներն ու մեխանիզմները, արժեւորել գործընթացի իրականացումը բացառապես իրավական շրջանակում:

Գեւորգ Պետրոսյանը եւ Վլադիմիր Վարդանյանը խոսել են թեկնածուի գիտական գործունեության մասին՝ ընդգծել նրա մասնագիտական ու աշխատանքային արհեստավարժ, բեղուն գործունեությունը: Նրանք առաջարկել են հավանության արժանացնել առաջադրված թեկնածությունը:

Միքայել Մելքումյանը, տեղեկացնելով, որ կողմ է քվեարկելու, թեկնածուի գործունեությանն առնչվող որոշ հարցադրումներ է ներկայացրել:

Արման Բաբաջանյանի համար անընդունելի է այս հարցին հապճեպ անդրադառնալը եւ այն օրակարգ ներառելը: Պատգամավորը եւս անդրադարձել է վեթթինգի իրականացման եւ դատական համակարգի բարեփոխումներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, ներկայացրել իրենց պատկերացումները ԲԴԽ անդամի գործունեության մասին: Խմբակցության ղեկավարը կոչ է արել հետեւել իրենց կողմից հրապարակված վեթթինգի գործընթացի սկզբունքներին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ներկայացնելով իրենց դիրքորոշումը, փաստել է, որ երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումները պետք է անցկացվեն լայն կոնսենսուսի շրջանակում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսել է վեթթինգի իրականացման գործընթացի ճանապարհային քարտեզի մասին՝ նշելով, որ պատասխանատու կառույցները  պետք է լինեն ԲԴԽ-ը,  կոռուպցիայի կանխարգելման մարմինը  եւ  դատավորների ընդհանուր ժողովը:  Չափանիշների մշակման տեսանկյունից Լիլիթ Մակունցը կարեւորել է նաեւ հանրային քննարկումները: Ըստ խմբակցության ղեկավարի՝ չեն ուշանա նաեւ օրենսդրական նախաձեռնությունները, առաջիկայում կներկայացվի փաթեթ, որի հեղինակն ԱԺ նախագահն է: Նշվել է, որ այն կարագացնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը:  Անդրադառնալով այն ելույթներին, թե իբր թեկանածուների մասով կա պայմանավորվածություն, Լիլիթ Մակունցը հերքել է այդ կարծիքը՝ նշելով, որ առկա է ժողովրդավարական մոտեցում:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, վեթթինգի գործընթացին, հասարակության ակնկալիքներին եւ հեղափոխության ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ ԲԴԽ անդամի թեկնածությանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ մեծ է հասարակության անվստահությունը դատական իշխանության նկատմամբ, որը ձեւավորվել է երկու տասնամյակից ավելի, այն ունի հիմքեր, որոնց պետք է տալ լուծումներ:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ դատավորների անաչառությունն ապահովող գործընթացը պետք է լինի մշտական: «Վեթթինգ ասելով՝ կարող ենք հասկանալ տարբեր իրավական կարգավորումների եւ գործիքների համալիր, որոնք կարող են դրսեւորվել տարբեր օրենսդրական նախաձեռնություններում, այլ ոչ թե մի օրինագծում»,-նշել է Արարատ Միրզոյանը՝ օրինակ բերելով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տալ նոր գործառույթ՝ դատավորների բարեվարքության մասին եզրակացություն տալը:

ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ դատաիրավական բարեփոխումների եւ դատական իշխանության առողջացման գործընթացն իրականացվելու է բացառապես օրինականության, սահմանադրականության, իրավունքի գերակայության եւ մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է կողմ քվեարկել Վիգեն Քոչարյանի օգտին:

Եզրափակիչ ելույթում թեկնածուն շեշտել է, որ Հայաստանում դատաիրավական արմատական բարեփոխումների առաջարկներ ինքը ներկայացրել է երկրի ղեկավարությանը, սակայն այս գործընթացում դրանք հնչեցնելը նպատակահարմար չի համարել: Նա անդրադարձել է իր գործունեության վերաբերյալ հնչած որոշ ելույթների եւ պարզաբանումներ ներկայացրել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը նշել է, որ նախաձեռնությամբ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվելու է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք կբացառեն վերջինիս վարակումը:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծել է, որ ներքին կանոններով պետք է արձանագրվի հատուկ պայմաններում տեսակցության մասին, որպեսզի տեսակցողն անակնկալի չգա:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը նշել է, որ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն՝ որպես պատճառներ մասնավորապես առանձնացնելով «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթների խախտումը, բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրը:

Նիստի վերջում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 114 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Վիգեն Քոչարյանն ընտրվել է ԲԴԽ անդամ:

Խորհրդարանը արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունիսի 24-ին:


21.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպական խորհրդարանական համաժողովի կողմից կազմակերպվող «Համապարփակ առողջապահական ապահովագրություն, առողջապահության ֆինանսավորում, իմունիզացիա, ժողովրդագրություն եւ զարգացում» թեմայով խորհրդարանական քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 22-29-ը ներառյալ Լուսակա (Զամբիայի Հանրապետություն)...

21.06.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ համապատասխան հանձնաժողովների անդամները հունիսի 21-ին հանդիպել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային գրասենյակի ղե...

21.06.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանի հետ
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանի հետ հունիսի 21-ին հանդիպել եւ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ԲԴԽ-ի գործունեության նրա պատկերացումներին ծանոթացել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները: Վիգեն Քոչարյանը ներկայացրել է իր կենսագրությունը, պատասխանել պատգ...

21.06.2019
Քննարկվել են պետական կենսաթոշակներին եւ նպաստներին առնչվող նախագծեր
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 21-ին հրավիրած նիստում քննության է առել կենսաթոշակների եւ նպաստների նշանակմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատ...

21.06.2019
Պատգամավորները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ ԱԺ այլ պատգամավորներ, հունիսի 21-ին հանդիպել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասեն...

21.06.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի հ...

21.06.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

21.06.2019
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.06.2019, ժամը 13:30, 414 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS