Տպել
21.06.2019
Քննարկվել են պետական կենսաթոշակներին եւ նպաստներին առնչվող նախագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 21-ին հրավիրած նիստում քննության է առել կենսաթոշակների եւ նպաստների նշանակմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վերաշարադրվում են գործող օրենքի մի շարք դրույթներ: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ նպատակն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը մշակվել է քաղաքացիների բողոքների եւ առաջարկությունների հիման վրա:

Դրույթներից մեկով սահմանվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով:

Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նշելով, որ օրինագիծը մարդակենտրոն եւ քաղաքացիների շահերին է միտված՝ գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով փորձ է արվում լուծել ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման եւ ժամկետներին առնչվող խնդիրներ:

Սմբատ Սաիյանի հավաստմամբ՝ ծերության նպաստը նշանակվում է դրա իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

Հաշմանդամության նպաստը նշանակվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

Պատգամավոր Կարինե Պողոսյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բխում է քաղաքացիների շահերից:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որով գործող օրենքը ճանաչվել էր հակասահմանադրական:

Ըստ Սմբատ Սաիյանի՝ առաջարկվում է մաքսային եւ հարկային ծառայությունների քննիչների կենսաթոշակ ստանալու իրավունքը նույնականացնել հատուկ քննչական ծառայության քննիչների կենսաթոշակ ստանալու իրավական կարգավորումների հետ:

Պատգամավոր Արման Բոշյանը, կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, առաջարկել է կողմ քվեարկել:

Քննարկված երեք նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...