Տպել
21.06.2019
Պատգամավորները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ ԱԺ այլ պատգամավորներ, հունիսի 21-ին հանդիպել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են կառույցի գործառույթներին, Սփյուռքի տարբեր համայնքների, դրա առանձին հատվածների հետ համագործակցությանը, գլխավոր հանձնակատարի կատարելիք այցերին, հայրենադարձությանը, ներդրումների խթանմանը, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավմանը վերաբերող հարցեր:

Ներկայացնելով իր աշխատանքային ուղին եւ գլխավոր հանձնակատարի պաշտոնում անելիքներն ու աշխատանքի պատկերացումները՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ ԱՄՆ-ում բնակվելիս մշտապես փայփայել է հայրենիքում հաստատվելու միտքը, որն այսօր, շնորհիվ ներքաղաքական փոփոխությունների, իրականություն է դարձել:

«Հայաստանն այժմ գրավիչ է դարձել»,-մասնավորապես նշել է Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ հայրենադարձության խթանման համար նպաստավոր պայմաններ են պետք, որոնցից կարեւորագույնն օրենսդրության բարեփոխումն է, այն հասկանալի դարձնելն ու տարաբնույթ խոչընդոտները վերացնելը, որոնք հանդիպում են հայրենադարձվողներին: Նրա դիտարկմամբ՝ այժմ փոքր չափով հայրենադարձություն առկա է:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել նորանշանակ հանձնակատարին, ընդգծել համագործակցելու պատրաստակամությունը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնակատարի կողմից արծարծված մի խումբ հարցերի կապակցությամբ նշել է, որ արդեն իսկ օրենսդրական աշխատանքներ են իրականացվում, քննարկման փուլում է նաեւ հայրենադարձության ոլորտը կարգավորող օրենք ունենալու նպատակահարմարության հարցը: Նա կարեւորել է կառույցի կողմից իրականացվելիք աշխատանքները, որոնց հնարավորինս կաջակցեն նաեւ հանձնաժողովականները: