Տպել
20.06.2019
Ամփոփվել են Ուլան Բատոր կատարած այցի արդյունքները
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամներ Լիլիթ Ստեփանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ռուբիկ Ստեփանյանը՝ Միքայել Մելքումյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին ամփոփել են Ուլան-Բատոր կատարած այցի արդյունքները:

Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ հունիսի 13-14-ին առաջին անգամ պաշտոնական այցով Ուլան Բատորում գտնվող հայ խորհրդարանականները հանդիպել են ՄՀ վարչապետի, խորհրդարանի նախագահի, ԱԳՆ նախարարի, խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի եւ անդամների հետ:

Հանդիպումների ընթացքում գործընկերները կարեւորել են միջազգային հարթակներում փոխաջակցությունը, բարեկամական հարաբերությունների զարգացումն ու կապերի ընդլայնումը տնտեսական, մշակութային, կրթական, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում:

Ըստ խորհրդարանականների՝ աշխարհում ծովային ելք չունեցող 44 երկրների ցանկում են թե՛ Հայաստանը, թե՛ Մոնղոլիան: Այս համատեքստում քննարկվել են Մոնղոլիա-ԵԱՏՄ-Հայաստան շրջանակում հնարավոր հեռանկարային համագործակցության մի շարք հարցեր:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-մոնղոլական համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ: Նրանք առանձնացրել են հատկապես թեթեւ արդյունաբերության եւ հանքարդյունաբերության հեռանկարային ոլորտները:

Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ գործընկերները հետաքրքրված են Հայաստանի կրթական համակարգով եւ բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարել բուհերի վերաբերյալ: Նրանք մասնավորապես առանձնացրել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ ընդգծելով բուհերի կրթական բարձր որակը: Մոնղոլիան հետաքրքրված է նաեւ Հայաստանում հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման փորձով:

Սեպտեմբերի վերջին նախատեսվում է Մոնղոլիայի խորհրդարանի բարեկամական խմբի պաշտոնական այցը Հայաստան:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...