Տպել
18.06.2019
Խորհրդարանի հյուրերն էին ԵՊՀ ուսանողները, Գյումրու «Երիտասարդական պալատի» եւ «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները
1 / 10

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի18-ին  խորհրդարան էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել  թանգարան:

Նրանց հետ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:  Պատգամավորն  ուսանողներին ներկայացրել է Ազգային Ժողովի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության կարգին:

Տարոն Սիմոնյանը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերի, որոնք մասնավորապես վերաբերել են իրավագիտությանը, Հայաստանի ներքին եւ արտաքին  քաղաքականությանը:

Նույն օրը խորհրդարան են այցելել նաեւ Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի եւ Գյումրիում գործող «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները:

Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով մանրամասնել է պատգամավորի գործունեությունն ու անդրադարձել խորհրդարանի հիմնական գործառույթներին:

Երիտասարդները  հետաքրքրվել են կրթության ոլորտին առնչվող սպասվելիք ծրագրերից: Նրանք տեղեկացրել են, որ  իրենց նախաձեռնությամբ վերջերս իրականացվել են  Գյումրու «Հաղթանակ» այգու մաքրման ու ձեւավորման աշխատանքները:

Հյուրերը նաեւ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին,  թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը:

Հանդիպումներն  ավարտվել են ավանդական լուսանկարով: