Տպել
18.06.2019
Կարեւորվել է կնոջ դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում
1 / 5

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը,  ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամ Սոնա Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 18-ին հանդիպել են ճանաչողական այցով մեր երկրում գտնվող Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Պոլլերա Պանտալոն» նախաձեռնության անդամների հետ: Մասնակցում էին նաեւ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում տնտեսության զարգացման դինամիկան եւ քննարկել փոխգործակցության հնարավոր ուղիները:

Մարիա Կարապետյանը նշել է, որ կա համագործակցության մեծ ներուժ. երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք են առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար:

Հռիփսիմե Գրիգորյանի ներկայացմամբ` կանայք իրենց ուրույն դերն են ունեցել թավշյա հեղափոխության, այժմ էլ՝ արդեն  ինստիտուցիոնալ քաղաքականության մեջ: Նա անդրադարձել է Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ բնագավառներում կնոջ դերակատարությանը, քաղաքական դաշտում նրանց առավել ներգրավվածության հնարավորություններին:

Սոնա Ղազարյանն ընդգծելով երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը՝ կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Մարիա Կարապետյանն անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, անցումային արդարադատությանը,  ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին:

Նախաձեռնության անդամները հայ խորհրդարանականներին ներկայացրել են իրենց երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական բնագավառներում տեղի ունեցող փոփոխությունները, ձեռքբերումները: Կարեւորվել է կնոջ դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում` որպես քաղաքակիրթ հասարակության ձեւավորման եւ առաջընթացի անհրաժեշտ նախապայման:

Պատգամավորներին ուղղված հարցերը վերաբերել են աշխատանքային իրավահարաբերություններին, ազատ տնտեսական մրցակցությանը, բարենպաստ ներդրումային դաշտի ապահովմանը, հարկային օրենսդրությանը, ընտանեկան բռնությունների կանխարգելմանը: