Տպել
17.06.2019
Քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի ենթահանձնաժողովում՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի նախագահությամբ, հունիսի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում մշակույթի ոլորտում գնումներին առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, մշակույթի բնագավառի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետ-իրավաբաններ:

Հարություն Բաբայանը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ գտնել դրանց հնարավոր լուծումները:

Մասնակիցների հարցերին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: Ներկայացնելով պետական գնումների համակարգում կատարվող փոփոխությունները՝ նա նշել է, որ գերատեսչությունը բաց է համագործակցության համար եւ բարձրացված հարցերն անպայման կհստակեցվեն: Սերգեյ Շահնազարյանը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել նաեւ գրավոր առաջարկությունները:

Հարցերը վերաբերել են գործող օրենսդրության՝ «հրատապ գնումներ», «բազային միավորի սահմանված շեմ», «ստեղծագործական բաղադրիչ ունեցող գնումների տեխնիկական բնութագրեր» դրույթներին, գնումների պլանի փոփոխությանը, թանգարանային նմուշների ձեռքբերման ընթացակարգերին, հուշարձանների վերականգնմանը, հեղինակային իրավունքին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսների նախարարության եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ձեւավորել աշխատանքային խումբ՝ քննարկելու խնդիրները, դրանց լուծման ուղիները եւ նախաձեռնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: