Տպել
17.06.2019
Խորհրդարանական լսումներ՝ կինոոլորտի խնդիրների վերաբերյալ
1 / 12

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 17-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անհրաժեշտ եւ հրատապ է համարել կինոարվեստում գործուն քայլերի ձեռնարկումը՝ պետական մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթների պահպանման ու տարածման, ինչպես նաեւ կինոոլորտի կարգավորման եւ կինոարտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծման համար:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ լսումներին մասնակցում են կինոարվեստի զարգացման համար անհանգստացող եւ պատասխանատու մարդիկ: Ըստ նրա՝ քննարկումն ուղղված է ոլորտում առկա խնդիրները, անհարթությունները, խանգարող հանգամանքները քննարկելուն, վերլուծելուն, դրանք ուղղելուն, ինչպես նաեւ առաջարկներ լսելուն եւ համատեղ աշխատանքներ իրականացնելուն: Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ լսումներն արդյունավետ եւ կառուցողական կլինեն:

Քննարկման մասնակիցների ելույթներից պարզ է դարձել, որ կինոոլորտը կարգավորելու նպատակով մշակվել են երեք օրենսդրական նախաձեռնություններ:

Դրանց հեղինակներն են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, «ԻՖԿԱ. Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպությունը, կինոպրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը:

Որոշ ելույթ ունեցողներ անհրաժեշտ են համարել «Հայֆիլմ» կինոստուդիայի ամբողջական գործարկումը, զարգացումն ու ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելը՝ պետության հոգածության ներքո:

«Ոլորտում շատ վատ է վիճակը»,- այսպիսի գնահատական է հնչեցրել մոսկվաբնակ կինոպրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը: Նրա համոզմամբ՝ պետք է արմատական փոփոխություններ կատարել կինոմասնագետներ պատրաստող բուհերում եւ ոլորտին առնչվող համակարգերում, կինոարտադրությունը պետք է կամ ազատել հարկերից, կամ հարկային արտոնություններ տալ: Այս տեսակետը պաշտպանել են նաեւ այլ բանախոսներ:

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» նախաձեռնության ներկայացուցիչ Հովհաննես Գալստյանը ոլորտում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է համարել ունենալ իրատեսական եւ գործուն օրենք: Ըստ նրա՝ «Կինոյի մասին» օրենքը պետք է ընդունել կինոոլորտի պետական կառավարման անարդյունավետ մոդելն արմատապես փոխելուց հետո:

Ելույթ ունենալով՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարեւորել է լսումների անցկացումն ու բնագավառը կարգավորող օրենք ընդունելու նախաձեռնությունը: Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն որոշել է աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ մշակույթը հզոր գործիք է Հայաստանի համար, եւ այն մեծ նշանակություն կարող է ունենալ տնտեսության զարգացման գործում՝ ներդրումներ ներգրավելով: Բանախոսի կարծիքով՝ կինոարտադրության ոլորտում Հայաստանն ունի ներուժ եւ այն պետք է իրացնի: Նշվել է, որ Եվրամիությունը ցանկանում է աջակցել մեր երկրի մասնակցությանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: ԵՄ պատվիրակության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ խորհրդարանը կընդունի կինոոլորտը կարգավորող հզոր եւ իրատեսական օրենք:

ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել լսումներ կազմակերպելու համար եւ նշել, որ ոլորտում անցած տարիներին շատ անփառունակ էջեր ու անկումներ են գրանցվել. գրեթե ամբողջապես ոչնչացել է «Հայֆիլմ» կինոստուդիան, տեղի է ունեցել հայկական կինոարտադրական ռեսուրսների կողոպուտ, անմխիթար պայմաններում է հայտնվել հայկական կինոժառանգությունը, գրեթե վերացել է կինոթատրոնների ցանցը եւ այլն: Փոխնախարարի գնահատմամբ՝ կինոարտադրությունում տարիներ շարունակ գործել են կոռուպցիոն սխեմաներ, որոնք անարդյունավետ են դարձրել կինոարտադրության նախագծերի պետական ֆինանսավորումը:

Արա Խզմալյանը թվարկել է նաեւ ոլորտում եղած դրական տեղաշարժերը, երախտիքի խոսքեր հնչեցրել «Ոսկե ծիրան» հիմնադրամի գործունեություն առնչությամբ: Ըստ նրա՝ Հայաստանը շատ ավելի մեծ ձեռքբերումներ կունենար կինոարտադրության ոլորտում, եթե լիներ այն կարգավորող օրենսդրություն:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միացումը եւ հույս հայտնել, որ համապատասխան օրենքն ընդունելուց հետո խորհրդարանը ձեռնամուխ կլինի համաձայնագրի մեդիա ենթածրագրին միանալու գործընթացին, որը մեծ հնարավորություններ կընձեռի կինոարտադրության ոլորտի զարգացման համար: Ըստ նրա, այստեղ համալիր մոտեցում ու ճանապարհային քարտեզ է պետք ունենալ: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել հանձնաժողովի հետ համատեղ աշխատել՝ ունենալու համար լավ օրենք:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանն անդրադարձել է ծրագրի մեդիա բաղադրիչի ուղղություններին, կարեւորել Հայաստանի անդամակցումը դրան՝ շեշտելով, որ այն կինոոլորտի համալիր զարգացման հրաշալի հնարավորություն է: Նրա խոսքով՝ ծրագրի 41 անդամ երկրներից միայն Հայաստանն ու Կոսովոն են, որ մաս չեն կազմում դրա մեդիա ենթածրագրին: Կան երկրներ, որոնք մասնակիորեն են մասնակցում: Նշվել է, որ 2014-2020 թվականներին մեդիա ենթածրագրի բյուջեն 820 մլն եվրո է, իսկ 2021-2027 թվականներին այն կազմելու է մոտ 1,1 մլրդ եվրո:

Ելույթ են ունեցել նաեւ լսումների այլ մասնակիցներ, որոնք խոսել են կինոարտադրության խնդիրների, ոլորտի առողջացման անհրաժեշտության, կինոարտադրությունում գումարների բաշխման արդարացիության, կինոժառանգության պահպանման կարեւորության եւ այդ նպատակի համար անհրաժեշտ մեծ գումարների, ժամանակակից կինոթատրոնների սակավության, այլ խնդիրների մասին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը դրական է գնահատել խորհրդարանական լսումները, կարեւորել առկա խնդիրների բարձրաձայնումը, որը լսելի չի եղել տարիներ շարունակ: Նա շնորհակալություն է հայտնել օրենսդրական նախաձեռնությունների հեղինակներին՝ նշելով, որ դրանք կդրվեն շրջանառության մեջ՝ արդյունքում ունենալու համար մեկ միասնական օրենսդրական նախաձեռնություն:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թեւոսյանը խոսել է կինոյի՝ որպես մեդիաազդեցության հզոր գործիքի մասին, կարեւորել առկա խնդիրների վերհանումն ու վերլուծումը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների փնտրտուքը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը կարծում է, որ պետք է հայտարարել մշակութային հեղափոխություն եւ ընթանալ խնդիրների լուծման ճանապարհով:


25.04.2024
Ալեն Սիմոնյանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի ան...

25.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հ...

25.04.2024
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների ...

25.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հա...

25.04.2024
Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտ...

25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...