National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
17.06.2019
Առաջարկվում են փոփոխություններ՝ օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամների առաջադրման հարցում
1 / 8

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 17-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է հունիսի 14-ին հրավիրված նիստի աշխատանքը:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 13-րդ եւ 14-րդ պարբերություններով եւ ամրագրել, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը: Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմը ձերբակալված կամ կալանավորված անձի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապելու հանգամանքի մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է տեսակցողին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով կառավարության կարծիքը, նշել է, որ առաջարկվում է գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցություններն իրականացվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Փոխնախարարն ընդգծել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականին հեղինակած «Բանտերը եւ առողջությունը» խորագրով ձեռնարկում անդրադարձ է կատարվել վերոնշյալ հարցին՝ շեշտադրելով, որ նշված հիվանդություններով անձանց հետ տեսակցողների վարակումը բացառելու նպատակով անհրաժեշտ է տեսակցությունը կազմակերպել բացօթյա տարածքում՝ համապատասխան միջոցների առկայության պայմաններում:

Նա նաեւ նշել է, որ առաջարկվող նախագծով խախտվում է անձնական տվյալների, բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը երրորդ անձին տրամադրելու իրավունքը:

Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը, կարեւորելով օրենսդրական նախագիծը, նշել է, որ հարցի առնչությամբ խորհրդակցել է նաեւ բժիշկների հետ:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է հանել 14-րդ պարբերությունը, որը քվեարկությամբ ընդունվել է:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է, մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներից երեքի առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:

Հարակից զեկուցող Աննա Կարապետյանը նշել է, որ օրենսդրական նախագիծը թերի է, ունի մի շարք կարգավորումների կարիք:

Արդյունքում նախագիծը ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Բացասական եզրակացություն է տրվել նաեւ Սերգեյ Բագրատյանի հեղինակած մեկ այլ՝ նույնանման օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներից երկուսի առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ փոփոխություններն առաջարկվում են ելնելով խորհրդարանական կառավարման համակարգ ունենալու տրամաբանությունից՝ Ազգային ժողովի խմբակցությունների դերի բարձրացմամբ, ընդդիմադիր խմբակցություններին լրացուցիչ գործունեության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նշված հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ այդ հանձնաժողովների առաջին կազմերի նախագահների, վարչապետի փոխարեն՝ վերապահել Կառավարությանը:

Առաջարկվում է ներդնել մարմինների ձեւավորման հետեւյալ մեխանիզմը. հանձնաժողովների առաջին կազմի անդամների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները:

Խորհրդարանի նախագահը նշել է, որ առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը ձեւավորել հետեւյալ կերպ. հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել Կառավարությանը, հանձնաժողովի 6 տարի ժամկետով՝ 2 անդամի թափուր պաշտոններում թեկնածուներին առաջադրելու իրավունքը վերապահել ԱԺ կառավարող խմբակցությանը, իսկ 4 տարի լիազորություններով անդամների թեկնածուների առաջադրումը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը ձեւավորել ոչ ուշ, քան 2019 թ-ի հոկտեմբերի 30-ը:

Հարակից զեկուցող պատգամավոր Աննա Կարապետյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը, ընդգծել է, որ այն համապարփակ կարգավորումներով է ներկայացված եւ կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթում Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթի ձեւավորման առնչությամբ եղել են բազմաթիվ խորհրդակցություններ:

Փաթեթը ստացել է հանձաժողովի դրական եզրակացությունը. այն առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը տեղեկացրել է, որ փոփոխությունները պայմանավորված են Սահմանադարական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ հարցի առնչությամբ եղել է մեկ առաջարկ` պատգամավոր Սերգեյ Ատոմյանի կողմից, որն ընդունվել է:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրենքի նախագծում առաջարկել է կատարել տեխնիկական բնույթի փոփոխություն, որը եւս ընդունվել է: Արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS