Տպել
17.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հունիսի 17-ին գումարել է հերթական նիստը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ Կառավարության հեղինակած «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը տեղեկացրել է, որ գործադիրն առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ չի ստացել որեւէ առաջարկ: Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում են բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու դեպքերը եւ գործընթացը, վկայական ստանալու մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր: Գործադիրն ընդունել է «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկների մի մասը:

Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: