Տպել
11.06.2019
Քննարկվել են ջրօգտագործմանը, աղբահանությանը վերաբերող նախաձեռնություններ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 11-ին հրավիրած նիստում՝ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Առաջարկվել է օրենսգրքում ամրագրել  «սակավաջրություն» եւ «երաշտ» հասկացությունները, հստակեցվել են նաեւ լիազոր մարմինների իրավասությունները՝ տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ:

Հանձնաժողովը քննարկել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համակարգված եւ արդյունավետ իրականացման, ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Ըստ հեղինակի՝ համակարգում առկա չեն հստակ օրենսդրական կարգավորումներ, թե որքան աղբահանության վճարներ պետք է սահմանվի օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների, ավտոկայանատեղիների, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված հատուկ նշանակության շենքերի եւ շինությունների պարագայում: Գեւորգ Պապոյանի համոզմամբ՝ փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսական բեռը, իսկ տնտեսական գործունեության տեսակների հստակեցումը թույլ կտա խուսափել օրենքի տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունից եւ կոռուպցիոն ռիսկերից:

 Պատգամավորների հարցերը վերաբերել են սահմանված վայրերում աղբահանության խնդիրներին, տուգանքների սահմանման չափորոշիչներին, շինարարական եւ կենցաղային աղբի տեսակավորմանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները, նշելով, որ մեր երկրում աղբահանության հետ կապված մշակույթն աստիճանաբար կձեւավորվի, իսկ պարբերաբար անցկացվող մշտադիտարկումները կօգնեն առավել ճկուն իրականացնել աշխատանքները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է Արմեն Եղիազարյանը: Նա նշել է, որ համայնքի ավագանուն հնարավորություն կտրվի ընտրել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի լավագույն թեկնածուին: Ներկայացված նախագծով նաեւ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում առաջադրվող մասնագետ-թեկնածուների համար:

Պատգամավորների հարցերը վերաբերել են մրցույթի անցկացմանը, թեկնածուի տարիքային սահմանափակմանը:

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ հեղինակի՝ տարիներ շարունակ խոսվում է ոռոգման ջրի համար վճարումները բացառապես բանկային համակարգով իրականացնելու անհրաժեշտության մասին, սակայն մինչ օրս մատակարարված ոռոգման ջրի դիմաց գումարը հավաքագրում են ջրբաշխները, ինչը հանգեցնում է լուրջ խնդիրների եւ դժվարությունների: Սերգեյ Բագրատյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը թույլ կտա խուսափել հնարավոր անճշտություններից, կապահովվի ՋՕԸ-երի գործունեության թափանցիկությունը՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունել է այն առաջարկը, ըստ որի՝ ջրօգտագործողը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել ընկերության համապատասխան հաշվին՝ բանկային, փոստային կամ այլ փոխանցման ձեւով մուտքագրման եղանակով մինչեւ հաջորդող ամսվա 15-ը:

Քննարկված օրենքների նախագծերը ստացել են հանձնաժողովի դրական եզրակացություն եւ առաջարկվել է  ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: