Տպել
11.06.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Հունիսի 11-ին տեղի ունեցած ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություների մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող վարձու աշխատողի ուսման համար վճարված գումարի չափով, բայց ոչ ավել, քան համապատասխան տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Նախատեսվում է գումարը վերադարձնել ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ տվյալ ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի շեմը հաղթահարելու դեպքում: Հեղինակների խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ է հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու եւ օգտվելու եկամտային հարկը՝ որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ: Ըստ հիմնական զեկուցողի՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման վերաբերյալ նմանատիպ օրենսդրական կարգավորումներ առկա են մի շարք երկրներում:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից, քանի որ եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում կպակասեն ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները, նաեւ՝ գործող հարկային օրենսդրությամբ կրթության ոլորտի համար արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ: Փոխնախարարը հավելել է, որ ցանկացած հարկային արտոնության առաջացնում է չարաշահումների ռիսկեր:

Հանձնաժողովի նախագահը եւ անդամները ողջունել են նախաձեռնությունը՝ այն համարելով ուսանողակենտրոն: Հաշվի առնելով նախագծի լրամշակված տարբերակում ներկայացված փոփոխությունները՝ նրանք հորդորել են հեղինակներին հետ վերցնել այն՝ վերախմբագրելու նպատակով:

Քվեարկությունից առաջ հեղինակները հարցը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել են:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ առաջարկը պաշտպանում են Հայաստանի կինոգործիչները:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ կինոյի միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 28-ին եւ այդ շրջանակում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժեւորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում: Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ը նշվում է որպես Ոստիկանության օր: 
  
Պատգամավորները քննարկել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) աջակցությամբ հանձնաժողովի կողմից հետօրենսդրական վերահսկողություն իրականացնելու հարցը: Հանձնաժողովը որոշել է՝ որպես պիլոտային ծրագիր, առաջին անգամ հետօրենսդրական վերահսկողություն իրականացնել 2012 թվականին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների կատարման ընթացքի վերաբերյալ:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...