Տպել
11.06.2019
Քննարկվել են առողջապահության եւ սոցիալական ոլորտներին 2018 թ. պետական ֆինանսական հատկացումների կատարողականները
1 / 7

Հունիսի 11-ին  ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է  «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է առողջապահության եւ սոցիալական ոլորտներում  նախատեսված ծրագրերի իրականացմանն ու դրանց ֆինանսավորմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է ֆինանսական հատկացումներին, իսկ ոլորտների պատասխանատուներն առավելապես խոսել  են ոլորտային ծրագրերից, դրանց արդյունավետության  ավելացմանն ուղղված միջոցառումներից,  որոշ դեպքերում անհրաժեշտ համարել օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերի, ինչպես նաեւ ոլորտի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 83,3 մլրդ դրամ, որը շուրջ 3,3 մլրդ դրամով  պակաս է եղել 2017 թվականի հատկացումներից: Ծրագրերի կատարողականը կազմել է 95,6 տոկոս: Նախարարը նշել է, որ  ոլորտի ֆինանսական հատկացումները սուղ են, ինչը որոշակիորեն դժվարացնում է  բժշկական ծառայությունների մատուցումը: Այս համատեքստում   նա տարօրինակ է գնահատել ֆինանսական հատկացումների նվազեցումը հաշվետու տարում, ինչը, ըստ նրա, հարիր չէ  սոցիալական ուղղություն որդեգրած երկրին:

Նախարարի կեսկատակ դիտարկմամբ՝ հատկացումների շրջանակում ոլորտը կատարյալին մոտ  աշխատել է, սակայն, որպեսզի      կատարյալ ծառայություններ մատուցվեն՝ անհրաժեշտ  է շուրջ 400 մլրդ  դրամ:   Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ մոտ 30 տոկոսով ավելացել են քաղաքացիների ընդունելությունները, պակասել՝ դիմումներն ու բողոքները, ինչը խոսում է ոլորտի առողջացման մասին:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել  բարեփոխումների իրականացմանը: Նախարարը հայտնել է, որ քննարկման փուլում են ապահովագրական համակարգի ներդրման, մարզերը  մասնագետ-բժիշկներով համալրելու, ոլորտի այլ խնդիրները  կարգավորելուն միտված հարցերը: Ըստ նախարարի, եթե ոլորտում ապահովագրական համակարգ ներդրվի, ապա դրանում կընդգրկվի  շուրջ 1,9 մլն մարդ:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են  քաղաքացիների խնդիրներին, արձանագրված թերություններին, բարձրաձայնել որոշ արատավոր երեւույթներ, ինչպիսին է, օրինակ, հիվանդներից ապօրինի  կատարվող գանձումները:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է հիվանդանոցներին ֆինանսական հատկացումներով, անդրադարձել  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից գերակատարված աշխատանքներին եւ նկատել, որ  դրանց  արդյունքում կենտրոնին չի վճարվել 146 մլն դրամ, թեեւ կառույցը կատարել է իր հարկային եւ այլ պարտավորությունները:

Նախարարը պարզաբանել է, որ խնդիրը բացառապես պայմանավորված է նվազ ֆինանսավորմամբ, իսկ վերոնշյալ կենտրոնը միակը չէ: Ըստ նախարարի, տարեկան շուրջ մեկ մլրդ դրամի  բուժօգնության գերակատարում է իրականացվում, որը մնում է չվճարված: Նա հայտնել է, որ  «Նորք-Մարաշ» բժշկական   կենտրոնին  այս տարի հավելյալ հատկացվելու է 100 մլն դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ոլորտային հատկացումները: Դրանք հաշվետու տարում կազմել  են  416 մլրդ դրամ: Փոխնախարարը պարզաբանել է, որ նշված գումարի  4,1 մլրդ դրամը հատկացվել է նախարարության պահպանման ծախսերին, իսկ 347 մլրդ դրամը՝ գերատեսչության կողմից  իրականացված ծրագրերին: Կատարողականը  պակաս է եղել 100 տոկոսից. որոշ ծրագրեր ամբողջությամբ չեն կատարվել:

Ամենամեծ ծրագրի՝ կենսաթոշակների  վճարմանը հատկացվել է  ավելի քան 218 մլրդ դրամ. նշվել է, որ հաշվետու տարում կենսաթոշակառուների թիվը 3000-ով ավելացել է:

Ընտանեկան նպաստների վճարման համար հատկացվել է 34,6 մլրդ դրամ, սպայական անձնակազմի կենսաթոշակների վճարմանը՝ 26 մլրդ, 300 մլն դրամ. այստեղ եւս շահառուների աճ է գրանցվել:13 մլրդ դրամ նախատեսվել է հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստներին եւ այլն:

Պատգամավորները բարձրաձայնել են քաղաքացիներին մտահոգող հարցերը, անդրադարձել օրենսդրական լուծում պահանջող խնդիրներին, հետաքրքրվել զբաղվածության բնագավառում իրականացված աշխատանքներով:

Փոխնախարարը հայտնել է, որ հենց զբաղվածության վերաբերյալ  ծրագիրն է, որ կատարվել է մասնակիորեն՝ 10 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով: Ի պատասխան հարցերի՝ նշվել է, որ այսօր գործազրկությունը մեր երկրում  կազմում է  20 տոկոս, կամ գործազուրկ է 201 հազար քաղաքացի: Նրանց մի մասը կամ չունի որակավորում, կամ այն բավական ցածր է, ինչը  խոչընդոտում է աշխատանք գտնելուն:

Պատգամավորներն արծարծել են նաեւ կենսաթոշակառուների ցուցակների մաքրման հարցը, որի կապակցությամբ փոխնախարարը պարզաբանել է, որ այն շարունակական գործընթաց է, սակայն  դժվար է գտնել  մի կառուցակարգ, որն ամբողջությամբ կբացառի չարաշահումները:

Օրենսդիրներն անհրաժեշտ են համարել կարգավորել  հաշմանդամության կարգի սահմանման հետ կապված հարցերը՝ անհրաժեշտ համարելով մարդկային գործոնի առկայության  բացառումն  այդ համակարգում:

Ամփոփելով  ոլորտային քննարկումները՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը  դրական է գնահատել 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը:   Նրա դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ  կատարողականի  մի մասի պատասխանատուն է  այս Կառավարությունը, քանի որ 2017 թվականին է հաստատվել պետական բյուջեն: Հանձնաժողովի նախագահն ընդհանուր առմամբ  դրական է գնահատել հաշվետու նախարարությունների  աշխատանքը, սակայն նշել, որ ծրագրային բյուջետավորման տեսանկյունից  կատարողականը  լիարժեք  չէր: Նա հույս է հայտնել, որ 2019 թվականի  պետական բյուջեի կատարողականն ավելի գնահատելի կլինի բյուջետային ծրագրավորման եւ կատարման տեսանկյունից: