Տպել
11.06.2019
Քննարկվել են հայ-տաջիկական համագործակցության օրակարգային հարցերը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իմմոմուդին Սատորովին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին եւ զարգացման հեռանկարներին:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են Հայաստանի եւ Տաջիկստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամուր ավանդույթների վրա՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում այդ կապերն առավել կընդլայնվեն ու կխորանան` ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:

Կարեւորելով միջխորհրդարանական կապերի ամրապնդումը՝ կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը, օրենսդիրների ակտիվ շփումներն ու փոխայցերը: Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական կազմակերպություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Լենա Նազարյանը ներկայացրել է մեր երկրում հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար ստեղծված պայմանները՝ նշելով, որ նոր իշխանությունը ջանքեր է գործադրում ներդրումային միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրողի համար նպաստավոր դաշտի ապահովման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ առաջիկայում արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները եւս իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսության զարգացման առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Դեսպանը հավաստիացրել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ ԽՎ-ի  ու ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակում համագործակցության խթանմամբ: