National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.06.2019
«ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ՝ ՀՀ օրենսդիր մարմնում
1 / 11

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացել են «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ: Մասնակցել են շուրջ 130 ներկայացուցիչներ կառավարությունից, դիվանագիտական կորպուսից, շահագրգիռ գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաեւ «Եվրասիական փորձագիտական ակումբի» եւ ԱԺ մշտական հանձնաժողովին կից գործող Գիտափորձագիտական խորհրդի անդամներ: Լսումներին մասնակցել են բուհերի ռեկտորներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Եվրասիական ինտեգրման արդի հիմնախնդիրներին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար զարգացման ուղղություն է, բայց ոչ ի հաշիվ այլ ուղղությունների: Նրա խոսքով՝ առայժմ միասնական շուկաները չեն կայացել, կան ձեւավորման պայմանավորվածություններ, բայց այդ գործընթացը կարող է իր տեմպերով ավելի արագ տեղի ունենալ: Պատգամավորն անդրադարձել է նաեւ էներգետիկ միասնական շուկայի հետ կապված առաջիկա անելիքներին:

Հանձնաժողովի նախագահը խոսել է ներդրումների եւ ֆինանսական միասնական շուկաների կարեւորության մասին՝ անհրաժեշտ համարելով օրենսդրության բարեփոխումները: Արդյունավետ արդյունաբերական քաղաքականության իրականացման մասով նա հակադրվել է ԵԱՏՄ-ն միայն իրացման շուկա համարող տեսակետներին՝ նշելով, որ պետք է խնդիրը քննարկել եւ հասկանալ համատեղ գործարարությամբ զբաղվելու եւ մեր երկիր ներդրումներ ապահովելու հնարավորությունները:

Լոգիստիկ խնդիրներին անդրադառնալով՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ պետք է այդ համակարգի ուղիներն արդյունավետ օգտագործել, այս հարցում ապահովել գործարար շրջանակների տեղեկացվածությունն ու ինտեգրումը:

Արձանագրելով, որ ԵԱՏՄ երկրներում օրենքների ներդաշնակեցումը դանդաղ է ընթանում եւ հաշվի առնելով, որ առաջիկայում ոչ ԱՊՀ անդամ որոշ երկրներ եւս կարող են համալրել ԵԱՏՄ-ն՝ հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ձեւավորելու գաղափարը: Նա կարծիք է հայտնել, որ մեր երկիրը պետք է նախաձեռնի այդ գործընթացը, ինչի առնչությամբ ինքն արդեն դիմել է ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին:

Բանախոսն անդրադարձել է նաեւ էլեկտրոնային մաքսազերծման ռեժիմների, տեխնիկական կանոնակարգերի եւ մտավոր սեփականության խնդիրներին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացվածությունը, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, ԵԱՏՄ բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարեւոր որոշումներ: Ըստ նախարարի՝ ԵԱՏՄ-ն թույլ է տալիս գործարարության զարգացման համար բարելավել տնտեսվարման պայմանները, ուժեցացնել համագործակցությունը գործընկերների հետ եւ ստեղծել նոր հնարավորություններ միության տնտեսական ներուժի իրացման համար:

Ներկայացնելով տնտեսական ցուցանիշները՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ 2018 թ. ԵԱՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ. 2017-ի համեմատ ներքին առեւտուրն աճել է 9.2 տոկոսով, երրորդ երկրների հետ՝ 18.8 տոկոսով, ապրանքների արտահանումը՝ 26.8 տոկոսով:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ մարմիններում ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանը հնարավորություն է ստացել ոչ միայն ազդելու կառույցի օրակարգի ձեւավորման վրա, այլեւ առաջ մղելու իր առաջնահերթությունները, լինելու առավել նախաձեռնող:

Բանախոսի համոզմամբ՝ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ ուղղված համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը եւ էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման հարցի լուծմանը, ինչպես նաեւ դրանց տարանցիկ փոխադրմանն անդամ երկրներ: Նշվել է, որ գլոբալիզացիայի պայմաններում օրակարգային է դարձել տնտեսության թվայնացման հարցը: Այս համատեքստում նախարարն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն գործընթացների խորացման եւ անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքականության համար ուղղակի օգուտներ ստանալու նախաձեռնությունները խթանելը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ՀՀ-ի շնորհիվ լրացուցիչ խթան է ստացել միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը, Իրանի հետ մեր երկրի տնտեսական եւ քաղաքական կապերը պայմաններ են ստեղծել միության համար՝ դուրս գալու Մերձավոր Արեւելքի տարածաշրջան:

«Իրանի եւ Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաեւ Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար»,-ասել է ԱԳ նախարարը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, խոսելով եվրասիական տնտեսական զարգացման մարտահրավերների եւ ակնկալվող լուծումների մասին, հավաստիացրել է, որ ԵԱՏՄ-ում նախագահության տարում տնտեսական տեսանկյունից մեր երկիրն առավել էական ձեռքբերումներ է ունեցել:

2018 թ. Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20.7 տոկոսով: Ըստ նախարարի՝ հայաստանյան արտադրության ապրանքները մրցունակ եւ պահանջված են կառույցի անդամ երկրների սպառողների համար:

«Կա եւս մեկ կարեւոր հանգամանք՝ անդամակցությունը միությանը ոչ միայն արտոնյալ առեւտրային պայմաններ են, այլեւ միասնական կարգավորումներ տեխնիկական կանոնակարգման բնագավառում, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների կիրառության եւ, մասնավորապես, ոչ սակագնային ոլորտներում»,-ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

Զեկուցողի խոսքով՝ անդամ պետության տնտեսվարող սուբյեկտը պետք է կարողանա առանց խոչընդոտների կամ սահմանափակումների ծառայություն մատուցել մյուս անդամ երկրներում: Մինչեւ 2025 թ. միության զարգացման ծրագրով սահմանված ոլորտներում միասնական եւ ընդհանուր շուկաների ձեւավորումը կարեւոր առաջնահերթություններից է: Երրորդ երկրների հետ համատեղ աշխատանքը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների կարեւոր ուղղություններից մեկն է: Այս համատեքստում նախարարը նշել է, որ ընթացիկ տարին նշանավորվել է Իրանի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրմամբ, որն արդեն վավերացվել է այդ պետության կողմից:

Տեխնիկական կանոնակարգումների ուղղությամբ եւս լայնածավալ աշխատանքներն են իրականացվում՝ միտված միասնական տնտեսական տարածքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ իրականացվող որակական եւ տեխնիկական պահանջների միասնականացված լինելուն:

Նախարարը խոսել է արդյունաբերական քաղաքականության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների, գործարարության զարգացման համար ստեղծված հնարավորությունների մասին:

Նա վստահեցրել է, որ ամեն հնարավոր միջոց օգտագործվում է, որպեսզի ՀՀ տնտեսվարողների շահերը լինեն առավելագույնս պաշտպանված՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանուր ԵԱՏՄ տնտեսական ներուժի զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ԵԱՏՄ շրջանակում առկա խնդիրների լուծման հարցում գործադիրի մակարդակի համագործակցությունից բացի անհրաժեշտ է համարել նաեւ միջխորհրդարանական գործիքի արդյունավետ կիրառումը: Նա խոսել է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների իրավունքների լիաժեք իրացման, անդամ երկրներում վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման խնդիրների մասին, անդրադարձել ԵԱՏՄ անդամակցության ընձեռած հնարավորություններին:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է նմանատիպ լսումները՝ փաստելով, որ հենց այսօրինակ նախաձեռնություններն են, որ ուղղորդում են կառույցում միասնական շահն առաջ մղելիս: Գործադրի ներկայացուցիչը փաստել է, որ ԵԱՏՄ ոլորտային քաղաքականության մեջ այսուհետ պետք է արտացոլված լինի նաեւ երկրի քաղաքականությունը, իսկ Հայաստանի մասով ընդհանուր ռազմավարության մեջ՝ ԵՄ մեր գործընկերության հետ կապված հատվածական քաղաքականությունը:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը, Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը բարձր են գնահատել ԵԱՏՄ խնդիրների քննարկմանն ու ներուժի բացահայտմանը նվիրված լսումների կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում, ինչն անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրները, տնտեսական հնարավորությունները հասկանալու եւ համագործակցությունը խթանելու լավ հնարավորություն կարող է հանդիսանալ:

Ելույթներում եւ հարցադրումներում ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչներն ու ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են անդամ երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին, առեւտրաշրջանառության ծավալներին, արտահանման աճի միտումներին, ձեռներեցության խթանման հնարավորություններին, կառույցի անդամ երկրների հետ հարաբերությունների կառուցման համատեքստում ՀՀ աշխարհագրական դիրքին եւ առանձնահատկություններին: Կարեւորվել են ԵԱՏՄ երկրների միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը, մեր երկրի առաջնահերթությունների ներկայացման հարցում ազգային հստակ օրակարգի առաջմղումը, միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման համատեքստում բազմակողմ գործարար-համաժողովների կազմակերպումը, կոոպերացիաների զարգացումը: Առանձնահատուկ ընդգծվել է անդամ երկրների գիտակրթական ներուժի արդյունավետ օգտագործումը, նորագույն տեխնոլոգիաների խթանմանն ուղղված քայլերը:

Ամփոփիչ ելույթում Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:


10.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է ՀՀ իշխանութ...

10.06.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 10-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառա...

10.06.2019
«ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

10.06.2019
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 10-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ: ...

10.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am